Հայաստանը չի կարող միաժամանակ շարժվել դեպի ԵՄ և մնալ ԵԱՏՄ-ում․ Դմիտրի Սուսլով
16 Նոյեմբերի 2026, 23:30
Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերին Ռուսաստան կատարելիք այցերը, ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի հեռանկարները և ԵԱՏՄ-ին երկրի հետագա մասնակցության հարցը, ինչպես նաև անդրադարձել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների առաջիկա հանդիպմանը։
«Վարչապետ Փաշինյանի հայտարարություններն ու գործողությունները վկայում են, որ նա շարունակում է հավատարիմ մնալ կառավարվող վերակողմնորոշման քաղաքականությանը։ Նա չի թաքցնում Արևմուտքի հետ մերձենալու ձգտումը, ընդ որում՝ խոսքը ոչ միայն Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացման, այլև արևմտյան կառույցներին անդամակցելու և, ըստ էության, Արևմուտքի կողմն անցնելու մասին է՝ այն աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, որոնք այսօր ձևավորվել են Արևմուտք-Ռուսաստան և Արևմուտք-Եվրասիական տնտեսական միություն հարաբերություններում։
Սակայն նա մտադիր է ԵԱՏՄ-ից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ դա Հայաստանի համար առավել հարմար և շահավետ կլինի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով։ Այսինքն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուց առաջ նա մտադիր է սպասել ԵՄ-ին անդամակցելու հրավերին»,- նշել է Սուսլովը։
Փորձագետն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը շարունակելու և միաժամանակ դեպի ԵՄ շարժվելու համատեղումը, ըստ Մոսկվայի և միության մյուս անդամների դիրքորոշման, անհնար է։
«Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների մեծամասնության դիրքորոշումը միանշանակ է․ անհնար է համատեղել ԵԱՏՄ-ին անդամակցությունը ԵՄ-ին անդամակցելու ուղեգծի հետ։ Հայաստանն ստիպված է լինելու կողմնորոշվել, ընդհուպ մինչև հանրաքվեի անցկացում, ինչի մասին խոսել է նաև նախագահ Պուտինը։ Երևանը գիտակցաբար ձգձգում է գործընթացը՝ փորձելով պահպանել ԵԱՏՄ-ին անդամակցելու առավելությունները՝ էժան էներգակիրներն ու աշխատուժի և ապրանքների շուկաներից օգտվելու հնարավորությունը, միևնույն ժամանակ խորացնելով հարաբերությունները Եվրամիության հետ։
Սակայն դա հնարավոր չի լինի։ ԵԱՏՄ խորհրդի պաշտոնական զեկույցի գնահատմամբ՝ միությունից դուրս գալը կարող է Հայաստանի համար աղետալի հետևանքներ ունենալ՝ ընդհուպ մինչև ՀՆԱ-ի ավելի քան 17 տոկոս անկում։ Հետևաբար, տարեվերջին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում Փաշինյանի սպասվող բանակցությունները չափազանց բարդ են լինելու»,- հայտարարել է Սուսլովը։