Երևանի Կապույտ մզկիթը եղել է և կմնա հայ-իրանական ժառանգություն․ Խալիլ Շիրղոլամի
16 Նոյեմբերի 2026, 23:00
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին կտրականապես հերքել է ադրբեջանական կողմի փորձերը՝ Երևանի Կապույտ մզկիթին «ադրբեջանական ծագում» վերագրելու ուղղությամբ։ Դիվանագետի հայտարարությունը հնչել է ադրբեջանական լրատվամիջոցներում հերթական տեղեկատվական արշավի ֆոնին, որի շրջանակում վիճարկվում է պատմամշակութային հուշարձանի պատկանելությունը։
Իրանի դեսպանի խոսքով՝ մզկիթի ճարտարապետական նկարագիրն ինքնին որևէ կասկած չի թողնում դրա պարսկական արմատների վերաբերյալ։
«Իրանական ճարտարապետական ոճն ակնհայտորեն արտահայտված է մզկիթի նախագծում, նրա յուրաքանչյուր փիրուզագույն հախճասալիկի, յուրաքանչյուր սանտիմետրի մեջ։ Ամբողջ կառույցի և, առհասարակ, այդ վայրի մթնոլորտի մեջ հստակ զգացվում է, որ սա իրանական մզկիթ է։ Գտնվելով գեղեցիկ Երևանում՝ այն, ինչպես այստեղ երբևէ գոյություն ունեցած մյուս մզկիթները, լավագույնս վկայում է միևնույն տարածքում իսլամական և հայկական քրիստոնեական արվեստների խաղաղ համակեցության մասին»,– ընդգծել է Շիրղոլամին։
Դիվանագետը հիշեցրել է, որ մզկիթը կառուցվել է Հուսեյն Ալի խանի օրոք։ Վերջինս նշանակալի ներդրում է ունեցել հայ-իրանական մշակութային կապերի զարգացման գործում։
«Երևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական ժառանգություն է եղել և այդպիսին էլ կմնա»,– եզրափակել է դեսպանը։