Հայաստանին կարող են հանել ԵԱՏՄ-ից կամ սառեցնել անդամակցությունը. Ելենա Զինովևա

17 Նոյեմբերի 2026, 23:30

Կարծիք | Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ/МГИМО) համաշխարհային քաղաքական գործընթացների ամբիոնի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Ելենա Զինովևան Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների առաջիկա հանդիպումը, Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հնարավորությունները, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերին նախատեսվող այցերը Ռուսաստան և Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը հետագա անդամակցության հեռանկարները։

Անդրադառնալով՝ ՀՀ վարչապետի՝ դեկտեմբերին Մոսկվա նախատեսվող այցին և Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությանը՝ փորձագետը նշել է, որ Երևանը փորձում է պահպանել ԵԱՏՄ-ին անդամակցության առավելությունները՝ միաժամանակ ընդլայնելով համագործակցությունը Արևմուտքի հետ։

«Հաշվի առնելով ներկայիս հայտարարությունները՝ շատ հավանական է, որ մեկնարկի կամ Հայաստանի անդամակցության սառեցման, կամ ԵԱՏՄ-ից հեռացման գործընթացը։ Հայաստանի համար դա, անշուշտ, անցանկալի զարգացում կլինի, քանի որ անդամակցությունը հնարավորություն է տալիս մուտք գործել շուկաներ, օգտվել համեմատաբար էժան էներգակիրներից, ինչպես նաև մասնակցել տարածաշրջանի համար կարևոր որոշումների մշակմանը։

Միևնույն ժամանակ, Եվրամիությանն անդամակցության հարցում առայժմ որևէ հստակություն չկա։ Մի կողմից՝ Հայաստանը շահագրգռված է մինչև վերջին պահը պահպանել ԵԱՏՄ-ին իր անդամակցությունը, քանի որ դա տնտեսական և աշխարհաքաղաքական առավելություններ է ապահովում։ Մյուս կողմից՝ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել կապերն Արևմուտքի հետ՝ հաշվի առնելով նաև Արևելքում անվտանգության ճարտարապետության փոփոխությունները։

Մանևրելու այս հնարավորությունը պահպանելու ձգտումն էլ հանգեցնում է նրան, որ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ հակասական հայտարարություններ ենք լսում»,- նշել է փորձագետը։

Հիմա եթերում