Փաշինյանի՝ Մոսկվա այցերը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրությունը հետաձգելու փորձ են․ Դմիտրի Բելյակով

17 Նոյեմբերի 2026, 22:20

Կարծիք | Քաղաքականություն

Եվրասիական տնտեսական միության ինտեգրման հեռանկարների ուսումնասիրման կենտրոնի (Մինսկ) տնօրեն Դմիտրի Բելյակովը Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական կուրսը, նրա առաջիկա այցերը Մոսկվա և Եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի Հանրապետության հետագա մասնակցության հեռանկարները։

«Վերջին ամիսներին Փաշինյանի վարքագիծն իսկապես երկակի տպավորություն է թողնում։ Մի կողմից՝ նա հայտարարել է դեկտեմբերին Ռուսաստան կատարելիք երեք այցերի մասին՝ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին՝ նշելով, որ հույս ունի պահպանել Մոսկվայի հետ հարաբերություններում բարեկամական մթնոլորտը։ Մյուս կողմից՝ Դուբլինում նա բացահայտ հայտարարել է, որ 20 տարի անց Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում, իսկ անդամակցության հայտը նախատեսում է ներկայացնել 2027-2028 թվականներին։

Միաժամանակ ինքն էլ ընդունում է, որ անհնար է լինել և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ անդամ։ Հենց այս խոստովանության մեջ է թաքնված գլխավոր խնդիրը. Երևանը ցանկանում է պահպանել ԵԱՏՄ-ին անդամակցությունից բխող տնտեսական առավելությունները, սակայն քաղաքական և ռազմավարական առումով շրջվում է դեպի Բրյուսել։ Նման մարտավարությունը անհամատեղելին համատեղելու փորձ է հիշեցնում», — ասել է Բելյակովը։

Փորձագետի խոսքով՝ Մոսկվան արդեն հասկացնել է տվել, որ ԵՄ-ին անդամակցելու Երևանի ձգտումը խնդիրներ է ստեղծում, այդ թվում՝ պայմանավորված Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ։

«Մեկ ամսվա ընթացքում Մոսկվա կատարելիք երեք այցերը վկայում են այն մասին, որ Փաշինյանը չի ցանկանում տնտեսական կապերի խզում և փորձում է մեղմել Կրեմլի դժգոհությունը։ Սակայն բարեկամական մթնոլորտի մասին խոսքերը դժվար է համադրել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության փաստացի սառեցման, Հավաքական անվտանգության խորհրդի նիստին չմասնակցելու և կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկվելու հետ»,- նշել է նա։