Ինչպես էր Սարգիս Հովիվյանը ֆուտբոլային յուրաքանչյուր հանդիպում վերածում իսկական ներկայացման
17 Նոյեմբերի 2026, 22:00
Սարգիս Հովիվյանը հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից էր, որի յուրօրինակ խաղաոճը, տեխնիկական վարպետությունն ու արտիստիզմը նրան առանձնահատուկ տեղ են ապահովել ֆուտբոլասերների հիշողություններում։
Լեգենդար հարձակվողն ու մարզիչը ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 17-ին՝ Սուխումում։ Թուրքիայից գաղթած հայ փախստականների ընտանիքում մեծացած Սարգիսը դեռ պատանի տարիքից աչքի էր ընկնում բնատուր ճկունությամբ և ֆուտբոլային նուրբ տեխնիկայով։ Ֆուտբոլային կրթություն ստանալով Սուխումիում, Քութայիսիում և Թբիլիսիի «Դինամո»-ի նախապատրաստական խմբում՝ 1958 թվականին երիտասարդ հարձակվողը հրավեր է ստացել Երևանի «Սպարտակ» ակումբից, որը հետագայում վերանվանվել է «Արարատ»։ Հենց Երևանում էլ բացահայտվել է նրա բացառիկ տաղանդը, որը նրան բերել է համամիութենական ճանաչում և ժողովրդի սերն ու համակրանքը։ Երկրպագուները նրան սիրով Սաքո էին անվանում։
Խաղադաշտում Հովիվյանը յուրաքանչյուր հանդիպում վերածում էր իսկական ներկայացման։ Նա օժտված էր անկրկնելի դրիբլինգով, հեռահար հզոր հարվածներով և անկանխատեսելի հնարքներով, որոնք շնորհիվ նա կարողանում էր անակնկալի բերել նույնիսկ ամենափորձառու պաշտպաններին։ Երևանում, Մոսկվայում ու Թբիլիսիում հանդիսատեսը հաճախ մարզադաշտ էր գալիս հատուկ Հովիվյանի խաղը դիտելու համար, իսկ երկրպագուները երբեմն բառացիորեն գրոհում էին տրիբունաները՝ նրա ֆուտբոլային արվեստը տեսնելու նպատակով։
1959 թվականին ստանալով ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում՝ Հովիվյանը Մոսկվայի «Սպարտակ»-ի ուժեղացված կազմի հետ մեկնել է Հարավային Ամերիկա շրջագայության։ Այդ ընթացքում նա դարձել է չորս գոլի հեղինակ և ճանաչվել թիմի լավագույն ռմբարկու։ Ավելի ուշ՝ 1967 թվականին, նա կրկին հանդես է եկել մայրաքաղաքային «Սպարտակ»-ի կազմում ԽՍՀՄ առաջնությունում, սակայն մշտապես վերադարձել է իր հարազատ երևանյան ակումբ, որտեղ էլ ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։
Ավարտելով Երևանի պետական համալսարանը՝ Սարգիս Վարդանի Հովիվյանն իր կյանքը նվիրել է ֆուտբոլիստների նոր սերունդների դաստիարակությանը։ Նա մարզել է Գյումրիի «Շիրակ», Վանաձորի «Լոռի» և հարազատ «Արարատ» ֆուտբոլային ակումբները, ղեկավարել է օլիմպիական հերթափոխի մարզադպրոցը, աշխատել է Ինդոնեզիայում, գլխավորել է հանրապետության սպորտկոմիտեի ֆուտբոլի բաժինը, ինչպես նաև Հայաստանի պատանեկան հավաքականը։
ՀԽՍՀ վաստակավոր մարզչի կոչմանն արժանացած Սարգիս Հովիվյանը կյանքից հեռացել է 2019 թվականի հուլիսի 8-ին Երևանում։ Նա հայկական ֆուտբոլին թողել է հարուստ ժառանգություն և անմոռանալի հիշողություններ՝ մնալով որպես «գնդակի իսկական նկարիչ», որի համար խաղի գեղեցկությունն ու վարպետությունը միշտ վեր էին վիճակագրությունից և նվաճած տիտղոսներից։