Սահմանադրությունը փոխեն, թե ՔՊ-ականները բեղ պահեն, Ալիևի պահանջները չեն ավարտվելու․ Մուրազի
17 Նոյեմբերի 2026, 22:40
Եթե Հայաստանի սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, ապա դա լինելու է Ալիևի պատվերով Հայաստանի քաղաքացիներին պարտադրվող սահմանադրություն։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին՝ անդրադառնալով Հայաստանում սահմանադրական փոփոխությունների օրակարգին և Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջներին։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները փորձում են հասարակությանը համոզել, թե սահմանադրական փոփոխությունները կարող են վերացնել Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացում առաջ քաշվող խոչընդոտները։ Մինչդեռ, ըստ նրա, իրականում Բաքվի պահանջները շատ ավելի խորքային նպատակներ են հետապնդում։
«Իշխանությունները հաճախ իրենց թույլ են տալիս ասել կիսաճշմարտություններ՝ նշելով, որ Ալիևին սա պետք է որպես պատրվակ։ Բայց եթե Ալիևը պատրվակ ունի, ուրեմն կա նաև նպատակ, որին ծառայում է այդ պատրվակը»,- նշել է Մուրազին։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջն օգտագործում է որպես ճնշման լծակ։ Մուրազին նաև կասկածի տակ է դրել այն պնդումը, թե սահմանադրական փոփոխություններից հետո Բաքուն այլևս նոր պահանջներ չի առաջադրի։
«Հայաստանը ինչ էլ անի՝ Սահմանադրությունը փոխեն, թե ՔՊ-ականները բեղ պահեն, Ալիևի պահանջները չեն ավարտվելու»,- ասել է նա։