Պուտինին Չինաստանում դիմավորել են ամենաբարձր մակարդակով

18 Նոյեմբերի 2026, 13:15

Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Շենժեն քաղաքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին ժամանելիս արժանացել է հատուկ ընդունելության։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։

«Չինաստանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցուցաբերել է ընդունելության ամենաբարձր մակարդակը՝ Շենժենում ԱԽՏՀ գագաթնաժողովին ժամանող օտարերկրյա առաջնորդների շրջանում»,- նշվում է հոդվածում։

Պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանի առաջնորդին անձամբ դիմավորել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գրասենյակի ղեկավար Ցայ Ցին։

Նախօրեին Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան՝ մասնակցելու ԱԽՏՀ գագաթնաժողովին։ Նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Շենժենի օդանավակայանում։

Ռուսաստանի նախագահի դիմավորման համար փռվել է կարմիր գորգ, կանգնեցվել պատվո պահակախումբը, իսկ արարողության վայրում տեղադրվել են Ռուսաստանի և Չինաստանի պետական դրոշները։