Սահմանին կրակոցներ չկան, բայց ճշմարտությունը պետք է ամբողջությամբ ներկայացնել․ Արամ Վարդևանյան
20 Նոյեմբերի 2026, 17:44
Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ սահմանին արդեն ավելի քան երկու տարի կրակոցներ չկան, սակայն ճշմարտությունը միշտ պետք է ամբողջական ներկայացնել։ Իսկ ինչո՞ւ կրակոցներ չկան։ Պատասխանը շատ պարզ է․ կրակոցները տեղի էին ունենում Արցախի հիմնախնդրի առկայության պայմաններում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ Վարդևանյանը հայտնել է, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու սահմանամերձ համայնքներին աջակցության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը։
Ինչ վերաբերում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքին, ԱԺ փոխնախագհը նշել է, որ թեև սկզբունքորեն կողմ են դրան, առաջարկվող մեխանիզմների վերաբերյալ ունեն վերապահումներ, ինչով էլ պայմանավորված է իրենց ձեռնպահ դիրքորոշումը։ Նա նաև հիշեցրել է, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տևողության կրճատումը ներառված է եղել իրենց նախընտրական ծրագրում։
Արամ Վարդևանյանն անդրադարձել է նաև իշխող ուժի ներկայացուցիչների լռությանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի հրապարակային հայտարարությունների վերաբերյալ։
«Կարծում եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջին ելույթ ունեցող պատգամավորը պետք է անդրադառնար այն բառապաշարին և արտահայտություններին, որոնց հեղինակը հենց իրենց կուսակցության առաջնորդն է։ Ես չեմ տեսել եվրոպական, ժողովրդավարական և եվրաինտեգրմանը ձգտող որևէ երկրի ղեկավարի, որը նման բառապաշար կօգտագործի, իսկ իր թիմակիցներից որևէ մեկը դա չի քննադատի։ Հենց այստեղից էլ սկսվում է ժողովրդավարության ճգնաժամը, երբ ձեզանից որևէ մեկը չի կարողանում դատապարտել նման արտահայտությունները, այդ թվում՝ կնոջ և լրագրողի հասցեին հնչեցվածները»,- նշել է Արամ Վարդևանյանը։