«Հայկականը նվիրելու մշակույթը սկսվում է քեզնից». մեկնարկել է «Նվիրիր Հայկականը» նախաձեռնությունը

20 Նոյեմբերի 2026, 15:00

Մշակույթ

Յուրաքանչյուր հայկական արտադրանքի հետևում մի պատմություն է՝ գաղափար, աշխատանք, նվիրում և սեփական ուժերով ստեղծելու հավատ։ Իսկ երբ այդ ամենը դառնում է նվեր, այն ձեռք է բերում առավել մեծ արժեք։ Հենց այս գաղափարն է միավորել «Նվիրիր Հայկականը» նախաձեռնության հեղինակներին։

Հայ գործարարների ասոցիացիան ներկայացրել է համանուն կատալոգը, որի էջերում տեղ են գտել շուրջ 50 հայկական ընկերություններ ու ապրանքանիշներ։ Նախաձեռնության նպատակն է ոչ միայն ներկայացնել տեղական արտադրանքի բազմազանությունը, այլև ձևավորել հայկականը նվիրելու նոր մշակույթ՝ խրախուսելով մարդկանց ընտրել հայրենական արտադրանքը։

Կատալոգում ներկայացված են նվերների բազմազան տարբերակներ՝ ինչպես անհատական, այնպես էլ կորպորատիվ։ Այսուհետ տոնական կամ պարզապես հաճելի անակնկալի առիթով նվեր ընտրելիս հնարավոր կլինի նախապատվությունը տալ հայկական արտադրանքին՝ աջակցելով տեղական բիզնեսին և գնահատելով հայ արտադրողի աշխատանքը։