Մոսկվայում նշվել է «Ջիվանի» ազգային երգի դպրոցի հիմնադրման 10-ամյակը

20 Նոյեմբերի 2026, 21:45

Հայեր | Մշակույթ

Նոյեմբերի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել հոբելյանական համերգ-երեկո՝ նվիրված «Ջիվանի» ազգային երգի դպրոցի հիմնադրման 10-ամյակին։ Միջոցառումը միավորել է հայկական ժողովրդական երգի, պարի և երաժշտության սիրահարներին՝ դառնալով հայկական մշակութային ավանդույթների պահպանմանն ու տարածմանն ուղղված նշանակալի իրադարձություն։

Դպրոցը հիմնադրվել է 2016 թվականին․ հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը երգչուհի, հայկական ժողովրդական երգերի կատարող և մանկավարժ Սիրանուշ Գալստյանն է։ Տարիներ շարունակ նա իր գործունեությունը նվիրել է աշուղական երգարվեստի պահպանմանն ու ազգային երաժշտական ժառանգությունը մատաղ սերնդին փոխանցելու գործին։

Մոսկվայում դպրոցը հիմնելուց առաջ Սիրանուշ Գալստյանը եղել է «Սայաթ-Նովա» աշուղական երգի պետական անսամբլի մենակատար, ինչպես նաև դասավանդել է «Ջիվանի» աշուղական դպրոցում։

Հոբելյանական երեկոյին մասնակցել են դպրոցի սաները, ինչպես նաև հրավիրված կատարողներ և ստեղծագործական խմբեր։ Միջոցառումը վարել է դերասան Հմայակ Հակոբյանը։

«Ջիվանի» դպրոցի տասնամյա հոբելյանը ևս մեկ առիթ է ընդգծելու նման մշակութային և կրթական նախաձեռնությունների կարևորությունը հայկական ազգային երգարվեստի պահպանման ու սերունդներին փոխանցման գործում։