Աշխարհակարգը փոխվում է, և Ալիևը շտապեցնում է Փաշինյանին. Տիգրան Քոչարյան

20 Նոյեմբերի 2026, 22:38

Կարծիք | Քաղաքականություն

Սահմանադրական փոփոխությունների գործընթացի հետևում կանգնած է Իլհամ Ալիևը, և Նիկոլ Փաշինյանն այսօր փորձում է ընդառաջ գնալ հենց նրա պահանջներին։ Այս մասին Alpha News-ի տաղավարում հայտարարել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Դուբլինում կայացած հանդիպումից հետո Փաշինյանի շտապողականությունը՝ կապված սահմանադրական հանրաքվեի անցկացման հետ, պատահական չէ։

«Հարցը ոչ թե այն է, թե ինչը ստիպեց Նիկոլ Փաշինյանին արագացնել սահմանադրական փոփոխությունները, այլ՝ ով։ Այդ մարդու անուն-ազգանունը Իլհամ Ալիև է՝ նրա բեղավոր տիրակալը, որն, իմ կարծիքով, արագացրեց այս գործընթացը։ Ալիևն էլ է տեսնում, որ աշխարհակարգը փոխվում է, և հասկանում է, որ տարածաշրջանում իր հաղթարշավը կարող է այլևս նույն ընթացքը չունենալ։ Հետևաբար, կարծում եմ՝ նա Փաշինյանին բավականին կոշտ է ներկայացրել իր պահանջը»,- նշել է Տիգրան Քոչարյանը։

Անդրադառնալով Ազգային ժողովում վարչապետի վերջին ելույթներին՝ Քոչարյանը դրանք բնութագրել է որպես հերթական քաղաքական «բենեֆիս»՝ ընդգծելով, որ Փաշինյանը տարբեր ձևակերպումներով փորձում է հանրությանը համոզել՝ անհրաժեշտ է փոխել երկրի Սահմանադրությունը։