Գերտերությունների ղեկավարների հանդիպման նպատակը երկխոսությունն, ոչ թե աշխարհի բաժանումը․Կոստանյան
20 Նոյեմբերի 2026, 23:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կբնութագրեի որպես մրցակցային համակեցության փորձ, քանի որ նպատակը ոչ թե աշխարհը բաժանելն ու վերաձևավորելն էր, այլ գերտերությունների ղեկավարների միջև բանակցությունների և երկխոսության հաստատումը։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է միջազգայնագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Արարատ Կոստանյանն՝ անդրադառնալով նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենչժեն քաղաքում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ / APEC) գագաթնաժողովի շրջանակում երեք նախագահների պատմական առաջին եռակողմ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ այս հանդիպումը չի կարելի համեմատել 1945 թվականի Յալթայի խորհրդաժողովի հետ, քանի որ այն ժամանակ բանակցող երկրները դաշնակիցներ էին, մինչդեռ այսօր միջազգային քաղաքականության մեջ առկա է գերտերությունների մրցակցություն։
«Տարբեր տարածաշրջաններում առկա հակամարտությունները, պրոքսի պատերազմները, Իրանի շուրջ զարգացումները, Գազայի իրադարձություններն ու ռուս-ուկրաինական պատերազմը ցույց են տալիս, որ գերտերությունների ղեկավարների միջև երկխոսությունն անհրաժեշտություն է»,- նշել է Կոստանյանը։