«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի «Անկեղծ հայացք» մեդիա մրցանակը միավորել է 86 երկրի հեղինակների

20 Նոյեմբերի 2026, 22:30

Հայեր

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն ամփոփել է «Անկեղծ հայացք» ամենամյա մեդիամրցանակաբաշխության հինգերորդ մրցաշրջանի արդյունքները։ Այս տարի կազմակերպիչները ստացել են ավելի քան 800 հայտ աշխարհի 86 երկրից՝ Լատինական Ամերիկայից և Հարավարևելյան Ասիայից մինչև Աֆրիկա։ Մոսկվայում կայացած մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել է շուրջ հարյուր օտարերկրյա լրագրող և բլոգեր։

Մրցույթի գոյության ընթացքում մասնակից երկրների աշխարհագրությունն ու ընդգրկվածությունը զգալիորեն ընդլայնվել են։ Եթե 2022 թվականին մրցույթին մասնակցել են 20 երկրների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել էին 120-ից փոքր-ինչ ավելի աշխատանք, ապա հինգերորդ մրցաշրջանում մասնակից երկրների թիվն աճել է ավելի քան չորս անգամ, իսկ ներկայացված հայտերի քանակը գերազանցել է 800-ը։

«Հիշեցի մի հին արտահայտություն՝ «Ճշմարտությունն ասելը հեշտ է և հաճելի»։ Եվ ձեզ անչափ շնորհակալություն եմ հայտնում. հենց դրանով էլ մենք զբաղվում ենք։ Եթե նախկինում հիմնականում մասնակցում էին մեր հարևան երկրները, ապա այսօր արդեն ամբողջ աշխարհն է ներկայացված՝ Լատինական Ամերիկան, Հարավարևելյան Ասիան և, իհարկե, Աֆրիկան։ Հույս ունենք, որ ամբողջ աշխարհում անկեղծ հայացքները գնալով ավելի շատ կլինեն»,- մրցանակաբաշխության բացման արարողության ժամանակ նշել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Կլեշչևը։

«Ռուսաստանի մասին օբյեկտիվ լուսաբանման գործում ներդրման համար» գլխավոր մրցանակին արժանացել է Ինդոնեզիայի ներկայացուցիչ Արիո Բրահմանտիոն։ Այս անվանակարգում բարձրագույն պարգևների են արժանացել նաև Իրանի ներկայացուցիչ Ռուխոլլահ Մոդաբբերը և Տոգոյի ներկայացուցիչ Կոմի Ասսոգբեն։

Տնտեսական և սոցիալական համագործակցությանը նվիրված անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է Ղրղզստանի ներկայացուցիչ Մարինա Գրեչաննայան։ Մրցանակակիրների թվում են նաև Աբխազիայի ներկայացուցիչ Գուգուցա Վարդանիան և Տանզանիայի ներկայացուցիչ Ալի Մասուբին։

Մշակույթի և ավանդույթների մասին լավագույն նյութ է ճանաչվել Մադագասկարի ներկայացուցիչ Մամի Հաջա Ստեֆանի աշխատանքը։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել նաև Մարոկկոյի ներկայացուցիչ Նայթ Յուսեֆ Մոհամեդը և Ղազախստանի ներկայացուցիչ Օլեգ Բելովը։

Ժանրային լրագրության անվանակարգում հաղթող է ճանաչվել Բանգլադեշի ներկայացուցիչ Մդ Աբդուլ Քաբիլ Խանը։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել Վրաստանի ներկայացուցիչ Իյա Դանելիան և Մոլդովայի ներկայացուցիչ Վասիլի Մոյսեենկոն։

Երիտասարդ հեղինակների անվանակարգում հաղթող է ճանաչվել Իսպանիայի ներկայացուցիչ Դավիդ Պերես Ռոմերոն։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Պակիստանի ներկայացուցիչ Ջահանզայբ Սաքիբը և Վիետնամի ներկայացուցիչ Նգուեն Բակ Զյոնգը։

Սոցիալական ցանցերում Ռուսաստանի մասին լավագույն նախագիծ է ճանաչվել Սերբիայի ներկայացուցիչ Յովանա Կվրժիչի աշխատանքը։ Մրցանակակիրների թվում են նաև Հնդկաստանի ներկայացուցիչ Անկիտան և Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջեյմս Ալին։

«Անկեղծ հայացքի համար» հատուկ մրցանակին, որը սահմանվել է նոր տարածաշրջաններում աշխատած հեղինակների համար, արժանացել է Իտալիայի ներկայացուցիչ Անդրեա Լուչիդին։ Այս անվանակարգում մրցանակային տեղեր են զբաղեցրել Բելառուսի ներկայացուցիչ Եկատերինա Ստարչևայան և Մալայզիայի ներկայացուցիչ Իրվան Մոհամադ Ֆայրուսը։

Հիշեցնենք, որ 2024 թվականին «Alpha Media House»-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանն արժանացել էր «Ռուսաստանի հետ միջազգային մշակութային համագործակցության լավագույն նյութ» անվանակարգի մրցանակին։