Ադրբեջանական բանտում ՌԴ քաղաքացիները խոշտանգումների են ենթարկվել․ Մերկաչևան դիմել է ՄԱԿ-ին

21 Նոյեմբերի 2026, 16:00

Միջազգային

Մարդու իրավունքների խորհրդի անդամ, լրագրող Եվա Մերկաչևան Telegram-ի իր ալիքում հրապարակել է նամակներ, որոնք ստանում է «թմրանյութերի գործով» Ադրբեջանի բանտում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներից։

Նրա խոսքով՝ դատապարտյալներից մեկի՝ 23-ամյա Դմիտրի Ֆյոդորովի առողջական վիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում․ նա սկսել է ինքն իր հետ խոսել և չի ճանաչում անգամ հարազատներին։ Վերջին այցի ժամանակ նա չի ճանաչել մորը։

Ֆյոդորովին նշանակվել է հոգեբուժական փորձաքննություն, սակայն, իրավապաշտպանի խոսքով, հարազատները մինչ օրս չեն ստացել դրա արդյունքները։ Բացի այդ, ընտանիքին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ Ֆյոդորովի վիճակը չի բարելավվել։

Մերկաչևան նաև հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիները ենթարկվել են խոշտանգումների։ Նա հիշեցրել է նրանց ձերբակալությունից հետո և դատավարության ընթացքում արված լուսանկարները, որոնցում երևում էին արյան հետքեր և կապտուկներ։

«Եթե ամեն ինչ օրենքի շրջանակում է, ապա ինչո՞ւ ենք տեսնում, որ նրանց մարմիններին մնացել են այդ սարսափելի ծեծի հետքերը։ Եթե սա խոշտանգում չէ, ապա ի՞նչ է»,- ասել է նա՝ կոչ անելով ադրբեջանական կողմին բացատրել վնասվածքների առաջացման պատճառները։

Մերկաչևան կասկածի տակ է դրել նաև «թմրանյութերի գործով» ներկայացված ապացույցները։ Նրա խոսքով՝ կազմակերպված հանցավոր խմբավորում ստեղծելու մեղադրանքը հանվել է, քանի որ չի հաջողվել ապացուցել, որ մեղադրյալները միմյանց ճանաչել են։

Նա նաև նշել է, որ ռուսաստանցի իրավաբանները պետք է ուշադրություն դարձնեն այս գործին։ Մասնավորապես, նա առաջարկել է դրանով զբաղվել փաստաբան Ստալինա Գուրևիչին։ Նա համաձայնել է աջակցել։

Դատապարտյալներին Ռուսաստան տեղափոխելու հարցն էլ, Մերկաչևայի խոսքով, դեռևս բաց է մնում։ Նա նշել է, որ չգիտի երկրների միջև բանակցությունների բոլոր մանրամասները, սակայն, ըստ բանտարկյալների, որոշումը ձգձգվում է:

Իրավապաշտպանն ասել է, որ ՌԴ քաղաքացիների գործով դիմում է ուղարկել ՄԱԿ, սակայն դեռևս պատասխան չի ստացել։

Մերկաչևան հույս է հայտնել, որ միջազգային կառույցները կկարողանան ազդել Բաքվի վրա։

«Ադրբեջանական կողմն, իհարկե, վախենում է, երբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նման դիմումներ է ստանում, որոնք, ըստ էության, վկայում են Բաքվի բանտում տեղի ունեցող խոշտանգումների մասին»,- ասել է Մերկաչևան։