Դարաշրջանի վկան և հիշողության պահապանը․ Նամի Միկոյան

21 Նոյեմբերի 2026, 23:00

Հայեր

1928 թվականի նոյեմբերի 21-ին Թբիլիսիում ծնվել է Նամի Միկոյանը (Նամի Արտյոմ Գևորգյան)՝ խորհրդային նշանավոր երաժշտագետ, մշակույթի պատմաբան, լրագրող և հուշագրող, ով իր հարուստ կենսագրությամբ և բազմամյա գործունեությամբ ուրույն տեղ է զբաղեցրել XX դարի մշակութային պատմության մեջ։

Մեծանալով հայտնի կուսակցական և տնտեսական գործիչ Արտյոմ Գևորգյանի ընտանիքում, նա վաղ տարիքից երաժշտությունն ընտրել է որպես իր գլխավոր կոչում։ 1937 թվականին նրա հայրը մահացել է ստալինյան ճնշումների ժամանակ և 1939 թ. Նամիի դաստիարակությունը վերցրել է հորաքույրը՝ Նինան, որն ամուսնու հետ ապրել է Երևանում։ Հորեղբայր Գրիգորի Հարութունովը (Հարությունյան) 1937 թվականից մինչև 1953 թվականը եղել է Կենտրոնական կոմիտեի քարտուղար։

Նա ընդունվել է Երևանի կոնսերվատորիա, որտեղ ուսանել է դաշնամուրի և երաժշտագիտության բաժիններում։ Հետագայում Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։

Այստեղ նրա անձնական ճակատագիրը միահյուսվել է երկրի պատմությանը․ նա ամուսնացել է ռազմական օդաչու Ալեքսեյ Միկոյանի՝ պետական ականավոր գործիչ Անաստաս Միկոյանի որդու հետ։ Նրանց ամուսնությունից ծնվել է որդին՝ Անաստասը, որը հետագայում լայն ճանաչում է ձեռք բերել որպես ռոք երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր՝ հանդես գալով Ստաս Նամին անունով։ Նա իր ստեղծագործական կեղծանունն ընտրել է հենց մոր պատվին։

Հայտնի ընտանիքի մաս դառնալով՝ Նամին չի մնացել նշանավոր ազգանվան ստվերում, այլ ինքնահաստատվել է որպես փայլուն մասնագետ և արվեստի նուրբ գիտակ։ Տասնամյակներ շարունակ աշխատել է «Սովետսկայա մուզիկա» ամսագրում և «Սովետսկայա կուլտուրա» թերթում՝ հոդվածներ գրել նշանավոր կոմպոզիտորների և ժամանակաշրջանի երաժշտական իրադարձությունների մասին։

Նրա կենսագրության առանձնահատուկ էջերից է երկարամյա բարեկամությունը Արամ Խաչատրյանի, Դմիտրի Շոստակովիչի, Սվյատոսլավ Ռիխտերի, Մստիսլավ Ռոստրոպովիչի և Մայա Պլիսեցկայայի հետ։ Նրանց համար նրա տունը միշտ եղել է հանդիպումների ու մտերմիկ շփումների կենտրոն։

Կյանքի վերջին տարիներին Նամի Միկոյանը սկսել է գրել հուշագրություններ՝ հեղինակելով «Իմ աչքերով» և «Սիրով և տխրությամբ» գրքերը, որոնք արժեքավոր վկայություններ են անցած դարաշրջանի և նրա նշանավոր դեմքերի մասին։

2025 թվականին կյանքից հեռացած Նամի Միկոյանի գրական ժառանգության կարևոր մասն են կազմում անցյալ դարի մշակույթի և քաղաքականության նշանավոր դեմքերի կենդանի ու անմոռանալի դիմանկարները, որոնք նա վարպետորեն ներկայացրել է իր հուշագրություններում։