Ահաբեկիչների հետ չենք բանակցելու, Փաշինյանի գործողություններն ահաբեկչի գործողություններ են․ Արթուր Խաչատրյան

23 Նոյեմբերի 2026, 11:30

Քաղաքականություն

Ահաբեկիչների հետ չենք բանակցելու, Փաշինյանի գործողություններն ահաբեկչի գործողություններ են․ Արթուր Խաչատրյան

Ահաբեկիչների հետ չենք բանակցելու, Փաշինյանի գործողություններն ահաբեկչի գործողություններ են։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում ընդդիմությունը չի կարող քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած հանրաքվեի հնարավորությունը։

«Քաղաքական ուժերի ղեկավարներին կալանավորելը, քրեական գործեր հարուցելն ու դատական գործընթացներ սկսելը ահաբեկչին բնորոշ գործողություններ են։ Ներսում Փաշինյանը սպառնում է բուլդոզերով, Ադրբեջանը՝ պատերազմով։ Այս պայմաններում ի՞նչ հանրաքվեի մասին կարող ենք խոսել»,- նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ ընդդիմությունը մերժում է Փաշինյանի հետ բանակցելու առաջարկը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել է խորհրդարանում կողմ քվեարկել և աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն։ Նա նշել է՝ «եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ապա հրաժարական կտա, եթե կողմ քվեարկի՝ այլևս չի առաջադրվի»։