Եվրամիությունը չի խուսափում էներգետիկան քաղաքականացնելուց․ Յուշկով
23 Նոյեմբերի 2026, 14:34
ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ, Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովը Alpha Media Center-ում կայացած «Հայաստանի էներգետիկ ինքնիշխանությունը․ պրագմատի՞կ հաշվարկ, թե՞ քաղաքական կոնյունկտուրա» խորագրով փորձագիտական քննարկման ընթացքում պատասխանել է հարցին, թե արդյոք հնարավոր է համատեղել Հայաստանի եվրոպական ուղին և ռուսական միջուկային տեխնոլոգիաների կիրառումը։
«Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման համատեքստում, նախևառաջ, հենց ԵՄ-ում չեն ցանկանում ռուսական միջուկային տեխնոլոգիաներ տեսնել որևէ տեղ»,- ասել է նա՝ հավելելով, որ, իր կարծիքով, Եվրամիությունը կարող է պայման դնել՝ հրաժարվել ռուսական միջուկային տեխնոլոգիաներից։
Նրա խոսքով՝ այս հարցում Եվրամիությունը չի խորշում էներգետիկան, այդ թվում՝ միջուկային էներգետիկան քաղաքականացնելուց՝ դա ներկայացնելով որպես ԵՄ անդամակցության հարցում մի տեսակ կարմիր գիծ։
Յուշկովը նշել է, որ ԵՄ ներսում նույնպես մեծ ճնշում է գործադրվում «Ռոսատոմ»-ի հետ համագործակցող երկրների վրա։ Որպես օրինակ՝ նա բերել է Հունգարիան, որտեղ նոր ղեկավարությունն առաջարկել է աուդիտ անցկացնել «Պակշ-2» ատոմակայանում։
Նրա խոսքով՝ նախագծի նկատմամբ որևէ առարկություն չէր լինի, եթե ատոմակայանը կառուցեր ոչ թե Ռուսաստանը։