Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է քահանայական ձեռնադրության արժանացած հոգևորականներին
23 Նոյեմբերի 2026, 23:00
Նոյեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նախօրեին՝ նոյեմբերի 22-ին, քահանայական ձեռնադրության և օծման արժանացած ինը նորաօծ քահանաներին։ Հոգևորականներին ուղեկցել է Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, փոխանցելով իր հայրական սերն ու օրհնությունը, շնորհավորել է նորընծաներին ձեռնադրության առիթով՝ հորդորելով անշեղ մնալ Սուրբ Խորանի առջև տված ուխտին և անմնացորդ նվիրումով իրականացնել իրենց առաքելությունը՝ ի սեր Աստծո, հայրենիքի, ժողովրդի ու Սուրբ Եկեղեցու։
Խոսելով քահանայական ծառայության պատասխանատու կոչման մասին՝ Վեհափառ Հայրապետը հոգևորականներին պատգամել է Ավետարանի հետևողական քարոզությամբ ու ուսուցմամբ խորացնել հայորդյաց քրիստոնեական գիտակցությունը, որպեսզի հավատքը ընկալվի ոչ միայն որպես ժառանգված ավանդույթ, այլև որպես անձնական համոզմունք ու կենդանի ապրում։ Հայոց Հայրապետը նաև կարևորել է հովվական մշտարթուն խնամքն ու բարի օրինակը՝ ընդգծելով դրանց դերը Եկեղեցի-հասարակություն կապի ամրապնդման, ժողովրդի հոգևոր կյանքի վերելքի և Մայր Եկեղեցու պայծառության գործում։
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորաօծ քահանաներին օրհնել է «Պահպանիչ» աղոթքով։