ԵՄ -ն ցանկանում է հակամարտության արդյունքներն ամրագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրություններում. Ալեքսանդր Ռար

23 Նոյեմբերի 2026, 22:40

Կարծիք | Քաղաքականություն

Բեռլինի Եվրասիական ընկերության նախագահ Ալեքսանդր Ռարը Alpha News-ին տված մեկնաբանության մեջ անդրադարձել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու կոչին։

Փորձագետի խոսքով՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը դիմում է Հայաստանին և Ադրբեջանին՝ կոչ անելով երկու երկրներին էլ բոլոր հարցերում հետևել Եվրոպայի դիրքորոշմանը, եթե ցանկանում են առևտրային հարաբերություններ զարգացնել Եվրամիության հետ և հեռանալ Ռուսաստանից՝ ավելի մերձենալով Եվրամիությանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ պատերազմի ընթացքում Եվրամիությունը միանշանակ կանգնեց Ադրբեջանի կողմում՝ ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը։ Միջազգային հանրության, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից, 1991 թվականին ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը համարվում է օրինական։ Հայաստանին այդ առումով որևէ բան փոխելու իրավունք չի տրվում, առավել ևս՝ ռազմական գործողությունների միջոցով։

Ադրբեջանի վարած պատերազմը Հայաստանի դեմ, որն ավարտվեց նրա հաղթանակով, ըստ էության, ԵՄ-ի կողմից լեգիտիմացվել է՝ որպես Ադրբեջանի պայքար իր պետության տարածքային ամբողջականության համար։ Եվ, բնականաբար, Գերմանիան ու Եվրամիությունը ցանկանում են, որ այդ բոլոր արդյունքները վերջնականապես ամրագրվեն և արձանագրվեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանադրություններում։

ԵՄ-ն իրեն համարում է այս գործընթացի որոշակի հովանավոր և ձգտում է մեծացնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում, հատկապես՝ Հարավային Կովկասում։ Հենց այդ պատճառով էլ Վադեֆուլը դիմում է Հայաստանին և Ադրբեջանին՝ կոչ անելով երկու երկրներին էլ այսուհետ բոլոր հարցերում հետևել Եվրոպայի դիրքորոշմանը, եթե ցանկանում են առևտուր անել Եվրամիության հետ և հեռանալ Ռուսաստանից՝ մերձենալով ԵՄ-ին։ Հենց այս հույսերն են փայփայում եվրոպացիները»,- ասել է Ռարը։

Հիմա եթերում