ԵՄ-ի «կարմիր գիծը», Բաքվի գազային դեֆիցիտը և ՀՀ էներգետիկ անվտանգության մարտահրավերները․ փորձագետների վերլուծությունը

23 Նոյեմբերի 2026, 21:15

Քաղաքականություն

Հայաստանի էներգետիկ անվտանգության, ատոմային էներգետիկայի ոլորտում գործընկերների ընտրության և էներգակիրների քաղաքականացման ռիսկերի հարցերը դարձել են «Alpha Media» կենտրոնում կայացած «Հայաստանի էներգետիկ ինքնիշխանությունը․ պրագմատի՞կ հաշվարկ, թե՞ քաղաքական կոնյուկտուրա» խորագրով փորձագիտական պանելային քննարկման առանցքային թեմաները։

Ռուսաստանի էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի առաջատար վերլուծաբան, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Իգոր Յուշկովի խոսքով՝ Եվրամիությունը բացահայտ քաղաքականացնում է խաղաղ ատոմի ոլորտը և ռուսական տեխնոլոգիաներից հրաժարվելը վերածում Բրյուսելի հետ մերձեցման կոշտ «կարմիր գծի»։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն ճնշում է գործադրում անգամ սեփական անդամ երկրների վրա, այդ թվում՝ Հունգարիայի, որտեղ իրականացվում է «Պակշ-2» ատոմակայանի նախագիծը։ Ընդ որում, ներկայացվող առարկությունները պայմանավորված են բացառապես «Ռոսատոմ»-ի մասնակցությամբ։

Ռուսաստանի էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովն ընդգծել է, որ ատոմակայանի կառուցման կապալառուի ընտրությունը պետք է հիմնված լինի տնտեսական նպատակահարմարության, այլ ոչ թե քաղաքական իրավիճակային շահերի վրա։ Ատոմային էներգետիկայի համաշխարհային շուկայում առկա սուր մրցակցության պայմաններում վճռորոշ առավելությունը ժամանակակից տեխնոլոգիաներինն է։

Նրա խոսքով՝ ռուսական առաջարկն առանձնանում է ոչ միայն առաջադեմ ռեակտորներով, այլև արտադրական ամբողջական ցիկլի ապահովմամբ՝ միջուկային վառելիքի մատակարարումից մինչև դրա վերամշակումն ու վերջնական կառավարումը։

«Հանուն խաղաղության համերաշխություն» վրացական կուսակցության առաջնորդ Մամուկա Պիպիան տագնապ է հայտնել Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի էներգետիկ քաղաքականության կապակցությամբ՝ նախազգուշացնելով ինքնիշխանության մասնակի կորստի վտանգի մասին։

Վկայակոչելով Վրաստանի փորձը՝ նա նշել է, որ ադրբեջանական գազի մեկ մատակարարից կախվածությունը հանգեցրել է սակագների բարձրացման, մինչև շուկա ավելի էժան ռուսական գազի վերադարձը։ Քաղաքական գործչի գնահատմամբ՝ Երևանի՝ էներգետիկ հավասարակշռությունը պահպանելու հնարավորությունների վերաբերյալ կանխատեսումները խիստ հոռետեսական են։

Տարածաշրջանի իրական ռեսուրսային հնարավորությունների մասին խոսել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի էներգետիկայի հարցերով փորձագետ Արա Մարջանյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը նոր մատակարարումների համար ազատ գազային պաշարներ չունի, քանի որ առաջիկա 15 տարիների համար արդյունահանվող գազի ամբողջ ծավալն արդեն պայմանագրերով վաճառված է Եվրոպային։ Իսկ Վրաստան, ըստ փորձագետի, Արևմուտքի ճնշման ներքո մատակարարվում է միայն «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայրում նավթի արդյունահանման ընթացքում գոյացող հարակից գազը։

Նա նշել է, որ տարածաշրջանում գազի զգալի պաշարներ ունեն միայն Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։

Իր հերթին, էներգետիկայի և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը կոչ է արել չշփոթել էլեկտրահաղորդման գծերի տեխնիկական կապակցվածությունն իրական համագործակցության հետ։ Նրա գնահատմամբ՝ չնայած Հայաստանի էլեկտրացանցերի տեխնիկական կապին Թուրքիայի և Ռուսաստանի ենթակառուցվածքների հետ՝ էլեկտրաէներգիայի արտահանման կամ ներմուծման վերաբերյալ բարձրագոչ հայտարարությունները դեռևս հիմնականում քարոզչական բնույթ են կրում, քանի որ մի շարք տեխնիկական պահանջներ և սահմանափակումներ դեռևս կարգավորված չեն։

Հիմա եթերում