Թույլ չենք տա անտեսել մեր կարմիր գծերը. Մոխբերը՝ TRIPP նախագծի մասին
23 Նոյեմբերի 2026, 23:17
Նոյեմբերի 23-ին Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերն X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է հայ-ամերիկյան TRIPP նախագծին՝ այն դիտարկելով Հորմուզի նեղուցով անցնող երթուղու համատեքստում։
«Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»՝ լինի Իրանի հարավում, թե հյուսիսում, լինի խոսքը Հորմուզի նեղուցով անցնող հարավային երթուղու, թե TRIPP-ի մասին»,- գրել է Մոխբերը։
Իր գրառման մեջ նա TRIPP-ը բնորոշել է որպես «այսպես կոչված Զանգեզուր»՝ հավելելով, որ տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը Թեհրանի համար «կարմիր գիծ» են, և իրանական կողմը թույլ չի տա անտեսել դրանք։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին։