Նոր Սահմանադրությունն արտաքին պարտադրանքի պայմաններում մշակված փաստաթուղթ է․ Վարդևանյան
25 Նոյեմբերի 2026, 12:48
Սա դասական իմաստով արտաքին պարտադրանքի պայմաններում մշակված սահմանադրություն է։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով ՀՀ նոր Սահմանադրության նախագծին։
Նրա խոսքով՝ գործող Սահմանադրության նախաբանում որևէ կոնֆլիկտածին դրույթ չկա, իսկ Անկախության հռչակագրին հղումը նպատակ ունի ներկայացնելու Հայաստանի Հանրապետության պատմական էվոլյուցիան։
«Դուք այստեղ որևէ կոնֆլիկտածին բառ տեսա՞ք։ Սա է, ի դեպ, գործող Սահմանադրության նախաբանը։ 1995 թվականի Սահմանադրության մշակողներից մեկը՝ ՀՀ իրավունքի դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Վլադիմիր Նազարյանն, ուղիղ նշել էր, որ նախաբանում Անկախության հռչակագրին հղումը մեկ նպատակ ունի՝ ցույց տալու Հայաստանի Հանրապետության պատմական էվոլյուցիան, այդ թվում՝ սահմանադրական առումով։ Հետևաբար, այս հղումը որևէ կոնֆլիկտածին տարր չի կարող պարունակել»,- ասել է Արամ Վարդևանյանը։