Այվազովսկու կտավը Լոնդոնում վաճառվել է 1,4 մլն դոլարով

25 Նոյեմբերի 2026, 10:00

Մշակույթ

Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Վենետիկը գիշերը․ Սան Ջորջո Մաջորե» կտավը Լոնդոնում աճուրդում վաճառվել է 1,088 միլիոն ֆունտ ստերլինգով (մոտ 1,4 միլիոն դոլար), հայտնել է Sotheby’s աճուրդային տունը։

Կտավը վաճառքի էր հանվել Fabergé, Imperial & Revolutionary Art աճուրդի շրջանակում։ Դրա նախնական գնահատված արժեքը կազմում էր 500-700 հազար ֆունտ ստերլինգ։

Այվազովսկին կտավը ստեղծել է 1862 թվականին։ Յուղաներկով արված ստեղծագործության չափերն են 61,5 × 50,5 սմ։

Կտավը պատկանում էր Էստոնիայում մասնավոր հավաքածուի։ Sotheby’s-ի նկարագրության համաձայն՝ այն ձեռք էր բերվել 19-րդ դարի վերջին Սանկտ Պետերբուրգում և հետագայում փոխանցվել ժառանգաբար։

Այվազովսկու աշխատանքները պարբերաբար ներկայացվում են խոշոր աճուրդներում։ Նկարչի «Լուսնյակ գիշեր Ղրիմում» կտավը 2026 թվականի մայիսին Մոսկվայի աճուրդային տանը վաճառվել էր 110 միլիոն ռուբլով՝ առանց միջնորդավճարի։ Նույն գնով 2024 թվականին վաճառվել էր նաև նրա «Գալաթայի աշտարակը լուսնի լույսի ներքո» կտավը։

Այվազովսկու՝ նախկինում հանրությանը չներկայացված «Յալթայի ծոցը» կտավը դեկտեմբերին առաջին անգամ աճուրդի կհանվի Նյու Յորքում՝ 600-800 հազար դոլար գնահատված արժեքով։