Մենք Ռուսաստանին վնասելու ցանկություն կամ նպատակ չենք ունեցել և չենք ունենա․ Փաշինյան
26 Նոյեմբերի 2026, 13:14
Հայաստանը Ռուսաստանի Դաշնությանը վնասելու ոչ ցանկություն, ոչ էլ նպատակ չի ունեցել և չի ունենալու։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ նույն վերաբերմունքն ակնկալում է նաև ռուսական կողմից։
«Մենք հարգում ենք ՌԴ ինքնիշխանությունը, շահերը, բայց մենք մեր ինքնիշխանությունն ու մեր շահերն էլ ենք հարգում, բնականաբար՝ ավելի շատ: Մենք ՌԴ-ի հետ չենք վիճելու, բարեկամաբար, եղբայրաբար խոսակցությունը շարունակվելու է»,- ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ նախորդ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Մոսկվա մեկնելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում ու քննարկում անցկացնելու վերաբերյալ։