Մոսկվայի հայկական ուսանողական միությունները բարեգործական կինոդիտում են կազմակերպել՝ ի հիշատակ Արցախի
27 Նոյեմբերի 2026, 17:59
Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հայկական ուսանողական միությունները համատեղ կազմակերպել են բարեգործական կինոդիտում՝ նվիրված նոյեմբերի 9-ին՝ Արցախի 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցին։
Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին և իրենց զորակցությունը հայտնել աջակցության կարիք ունեցող մարդկանց։
Մոսկվայի պետական համալսարանի հայկական ուսանողական միության կողմից միջոցառման գլխավոր կազմակերպիչը «DzaynTur» ուսանողական նախագիծն է, որն իր գործունեությամբ նպաստում է մշակութային կյանքի աշխուժացմանն ու բարեգործական ծրագրերի իրականացմանը։
Երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացվել են հայ ռեժիսորների երեք կարճամետրաժ ֆիլմեր, որոնցից յուրաքանչյուրն անդրադարձել է հիշողության, տան, հայրենի հողի և մարդկային ճակատագրերի թեմաներին։
— «250 կմ»՝ ռեժիսոր՝ Հասմիկ Մովսիսյան,
— «ՔԱՐ»՝ ռեժիսոր՝ Արման Այվազյան,
— «Home» («Տուն»)՝ ռեժիսոր՝ Հրանտ Վարժապետյան։
Միջոցառման առանձնահատուկ նշանակություն է հաղորդել դրա բարեգործական բաղադրիչը: Հավաքված միջոցներն ուղղվել են «Արցախն իմ սրտում» հիմնադրամին՝ արցախցի կարիքավոր ընտանիքներին աջակցելու նպատակով։
Միջոցառման ընթացքում ուսանողներն ընդգծել են նման նախաձեռնությունների կարևորությունը, ինչպես նաև ներկայացրել արվեստն ու բարեգործությունը մեկտեղող նախագծի գաղափարն ու առաքելությունը։
Արվեստի, համատեղ աշխատանքի և գործնական բարեգործական նախաձեռնությունների միջոցով ուսանողները ցույց են տվել, որ Արցախի հիշողությունը շարունակում է մնալ հայ երիտասարդության հասարակական և մշակութային կյանքի կարևոր ու անբաժանելի մասը։