Բաթումիում ձերբակալված 16 թուրք երկրպագուներն ազատ են արձակվել
27 Նոյեմբերի 2026, 14:40
Բաթումիում ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի հինգերորդ տուրի շրջանակում «Բեշիքթաշի» և իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպերից հետո ձերբակալված 16 թուրք երկրպագուներն ազատ են արձակվել։
Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը Էրդողանի հանձնարարությամբ տեղի ունեցածի վերաբերյալ քննարկում է ունեցել վրացի գործընկեր Պաատա Սալիայի հետ։ Նա դատապարտել է բռնության դեպքերը և կոչ արել ապահովել Թուրքիայի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել միջադեպի մեղավորներին։
Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ մարզադաշտ տանող ճանապարհին «Բեշիքթաշի» թուրք երկրպագուների մի մասը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել, հայհոյանքներ հնչեցրել, տարբեր առարկաներ նետել և չենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։ Երկրպագուների մի մասի սադրիչ գործողությունները շարունակվել են նաև մարզադաշտի տարածքում։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն էլ հայտարարել է, որ Բաթումիի մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վրացի իրավապահները գործել են օրենքի շրջանակում։
«Ցավոք, ֆուտբոլում երկրպագուների կողմից նման գործողություններ լինում են։ Այստեղ արտառոց ոչինչ չեմ տեսնում։ Եղել են ագրեսիվ խմբեր, հնարավոր է՝ նաև սադրանքներ, սակայն մեր համապատասխան կառույցները գործել են օրենքի շրջանակում և ապահովել մյուս քաղաքացիների անվտանգությունը», — ասել է Կալաձեն։
ՈւԵՖԱ-ում էլ հայտարարել են, որ Բաթումիում խաղի ընթացքում իրավիճակի սրումը սկսվել է թուրք երկրպագուների միջև ծագած ծեծկռտուքից։ Ոստիկանության և Ստամբուլի «Բեշիքթաշի» երկրպագուների միջև բախումները սկսվել են այն բանից հետո, երբ իրավապահները միջամտել են թուրք երկրպագուների միջև տեղի ունեցած ընդհարումներին։
Միևնույն ժամանակ, ՈւԵՖԱ-ն ընդգծել է, որ ինքը չի եղել հանդիպման կազմակերպիչը և պատասխանատվություն չի կրել մարզադաշտում անվտանգության ապահովման համար։