Հայկական արմատներ, ֆրանսիական հմայք և ամերիկյան հաջողություն․ դերասան Մայքլ Վարդանի կենսագրությունը

27 Նոյեմբերի 2026, 22:00

Հայեր

Ֆրանսահայ դերասան Մայքլ Վարդանն իր խարիզմայով, մտավորական կերպարով և անկրկնելի հմայքով գրավել է հեռուստատեսության ու կինոյի բազմաթիվ երկրպագուների սրտերը։ Նրա կյանքն ու ստեղծագործական ուղին միահյուսում են տարբեր մշակույթներ՝ ֆրանսիական արմատներից մինչև ամերիկյան կինոյի և հեռուստատեսության աշխարհ։

Դերասանը ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 27-ին Ֆրանսիայի Բուլոն-Բիանկուր քաղաքում, մշակութային հարուստ արմատներ ունեցող ստեղծագործական ընտանիքում։ Նրա հայրը ՝ երաժիշտ Էդդի Վարդանը, բուլղարահայ էր (ֆրանսիացի լեգենդար երգչուհի Սիլվի Վարդանի հարազատ եղբայրը), իսկ մայրը՝ նկարչուհի Դորիս Պուչերը, լեհական և հրեական արմատներ ուներ։

Ծնողների բաժանումից հետո Մայքլի մանկությունն ու պատանեկությունն անցել են Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև։ Տասնութ տարեկանում նա տեղափոխվել է Լոս Անջելես՝ մոր մոտ, որտեղ էլ որոշել է նոր էջ բացել իր կյանքում։ Ամերիկա տեղափոխվելու պատճառներից մեկը Ֆրանսիայում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու ցանկությունն է եղել, մյուսը՝ դերասանական կարիերա սկսելու և սեփական ուժերը փորձելու ձգտումը։ Լոս Անջելեսում նա դերասանական կրթություն է ստացել, իսկ 1990-ականների սկզբին սկսել է նկարահանվել եվրոպական և ամերիկյան անկախ ֆիլմերում։

Առաջին լայն ճանաչումը դերասանին բերել են 1990-ականների վերջին նկարահանված ռոմանտիկ կատակերգությունները։ Էկրանին նա համոզիչ կերպով մարմնավորել է հմայիչ, նրբանկատ և զգացմունքային տղամարդկանց։ Հանդիսատեսը նրան հիշում է Դրյու Բերիմորի հետ նկարահանված «Երբեք չհամբուրվածը» («Never Been Kissed»), Մադոննայի և Ռուպերտ Էվերեթի մասնակցությամբ «Լավագույն ընկերը» («The Next Best Thing») ֆիլմերից, ինչպես նաև Ռոբին Ուիլյամսի հետ խաղացած «Մեկ ժամվա լուսանկարը» («One Hour Photo») հոգեբանական թրիլլերից։

Սակայն համաշխարհային ճանաչում Մայքլ Վարդանին բերել է հեռուստատեսությունը։ 2001 թվականին նա ստանձնել է ԿՀՎ գործակալ Մայքլ Վոնի դերը Ջեյ Ջեյ Աբրամսի հանրահայտ «Լրտեսուհին» («Alias») հեռուստասերիալում։ Ջենիֆեր Գարների հետ նրա էկրանային զույգը դարձել է սերիալի հաջողության կարևոր գրավականներից մեկը։ Նախագիծը դերասանին մեծ ճանաչում է բերել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում՝ ամրապնդելով նրա դիրքերը Հոլիվուդում։

Հետագա տարիներին Վարդանը շարունակել է հանդես գալ բազմազան դերերով՝ նկարահանվելով «Եթե սկեսուրս հրեշ է» («Monster-in-Law») կատակերգությունում և «Կոլումբիանա» («Colombiana») ֆիլմում, ինչպես նաև խաղացել է «Քույր Հոթորն» («Hawthorne») և «Բեյթսի մոթել» («Bates Motel») հեռուստասերիալներում։ Նրա դերասանական գործունեությունը ներառում է ինչպես կատակերգական, այնպես էլ դրամատիկ ու թրիլլերային նախագծեր։

Չնայած մասնագիտական հաջողություններին և հանրային ճանաչմանը՝ Մայքլ Վարդանը երբեք չի ձգտել լինել մշտական ուշադրության կենտրոնում։ Շոու-բիզնեսի փայլն ու աղմուկը նրան այնքան էլ չեն գրավում․ նա նախընտրում է անձնական կյանքը հեռու պահել հետաքրքրասեր հայացքներից՝ ազատ ժամանակը տրամադրելով իր սիրելի զբաղմունքներին՝ հոկեյին և երաժշտությանը։

Հիմա եթերում