«Սատանան մանրուքների մեջ է․ TRIPP, թե՞ «Զանգեզուրի միջանցք»». Ալեքսանդր Կոնկով
27 Նոյեմբերի 2026, 22:30
Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Կոնկովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերին նախատեսվող այցերը Ռուսաստան, ինչպես նաև Ռուսաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ և Ուկրաինայում հակամարտության ընդլայնման հավանականությունը։
«Գործընթացը շարունակվում է։ Ապրիլին կայացած առաջին հանդիպումից հետո դեռ երկար քննարկվում էր՝ հաջողվե՞լ է արդյոք կողմերին համաձայնության գալ, թե՞ ոչ։ Սակայն, ըստ ամենայնի, բոլոր կողմերը շարունակում են մնալ իրենց դիրքորոշումներին՝ միաժամանակ ընդունելով, որ գործընթացը շարունակվում է։
Ինձ թվում է՝ այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը բավականին հետևողական է։ Այն ամենը, ինչ լավ է հայ ժողովրդի համար, թող իրականություն դառնա։ Սակայն դրանից հետո արդեն ուժի մեջ են մտնում որոշակի նորմեր, կանոններ, որոնք ամրագրված են համապատասխան փաստաթղթերում, ինչպես նաև սկզբունքներ, որոնք դրված են, մասնավորապես, միջազգային կազմակերպության՝ տվյալ դեպքում ԵԱՏՄ-ի կառուցվածքի հիմքում։
Ուստի կարծում եմ՝ սկզբունքորեն որևէ արտոնություն կամ զիջում ակնկալել պետք չէ։ Տեսնենք, թե Փաշինյանն ինչ առաջարկներով կժամանի Մոսկվա, ինչ հարցեր կբարձրացնի և արդյոք դրանք հրապարակային կլինեն։ Հնարավոր է՝ ամեն ինչ միանգամից պարզ չդառնա։
Ակնհայտ է, որ որոշակի բանակցային սակարկություն է ընթանում, և ակնհայտ են նաև երկու անհամատեղելի բան համատեղելու փորձերը։ Սակայն բոլոր մակարդակներում ռուսական կողմը և ԵԱՏՄ-ն՝ որպես կազմակերպություն, հայտարարում են, որ եվրոպական և եվրասիական այս երկու նախագծերն անհամատեղելի են։ Հետևաբար կարելի է տարբեր ձևակերպումներ ու լուծումներ փնտրել, բայց այս պահին նման համադրելի մոդել գոյություն չունի», — նշել է Կոնկովը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը քիչ հավանական է։ Իսկ եթե Երևանը շեղվի ԵԱՏՄ շրջանակում ստանձնած տնտեսական պարտավորություններից, Ռուսաստանը ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել՝ «դոմինոյի սկզբունքով» սահմանափակելով տնտեսական հիմնարար ազատությունները՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը։
«Հայաստանի եվրաինտեգրման գաղափարը երկնքում ճախրող կռունկի պես մի բան է։ Մինչդեռ ԵԱՏՄ-ն ձեռքին եղած ծիտն է, որն իր ցուցանիշներով արդեն գրեթե կռունկ է դարձել. դրա ընձեռած բոլոր առավելություններն ակնհայտ են։
Եթե պարտավորությունները կատարվում են, ամեն ինչ շարունակում է գործել նախկինի պես։ Բայց եթե դրանք խախտվում են, հասնում է վճռորոշ պահը՝ միանում է անջատիչը, և բոլոր հնարավորությունները փակվում են։
Բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմի հնչեցրած հայտարարությունները տպավորություն են ստեղծում, թե փորձ է արվում ինչ-որ պայմանավորվածության հասնել։ Սակայն այստեղ ամեն ինչ հստակ հաշվարկելի է. կարելի է ցանկացած բան խոստանալ։ Ռուսաստանը մինչև վերջին պահը կշարունակի հավատալ և ապավինել գործընկերոջ բարի կամքին, ինչպես միշտ է եղել։
Բայց հենց որ տեղի ունենա պարտավորություններից իրական շեղում՝ ոչ թե խոսքերով, այլ գործնականում, «դոմինոյի սկզբունքով» կգործի բոլորովին այլ տրամաբանություն, որը կանդրադառնա տնտեսական բոլոր չորս ազատություններին՝ ապրանքների, աշխատուժի, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», — ասել է Կոնկովը։
Անդրադառնալով TRIPP նախագծին՝ փորձագետը նշել է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան տարբեր կերպ են մեկնաբանում դրա բովանդակությունը, իսկ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր մասնակիցների շահերը։
«Կամուրջներ և ճանապարհներ կառուցելը միշտ ավելի լավ է, քան պատեր բարձրացնելը։ Հետևաբար լոգիստիկ և ինտեգրացիոն նախագծերը կարելի է միայն ողջունել։ Սակայն, ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է։ Այսօր քչերը կարող են հստակ պատկերացնել, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում TRIPP նախագիծը։ Առկա են միայն ընդհանուր կարգախոսներ, որոնք հնչել են ավելի քան մեկ տարի առաջ։
Անհասկանալի է, թե ինչպես է այն իրականացվելու գործնականում և ինչպես է համադրվելու մյուս երթուղիների հետ։
Ռուսաստանի նախաձեռնած եռակողմ բանակցություններում հստակ կապ էր դրված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և բոլոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակման միջև։ Իսկ այժմ, երբ խոսվում է TRIPP-ի մասին, ուշադրությունը կենտրոնացած է միայն հարավային հատվածի վրա՝ Ադրբեջանի և նրա էքսկլավի միջև Հայաստանի հարավով հաղորդակցության ապահովման։
Բայց ի՞նչ է լինելու մյուս հաղորդակցությունների հետ, որոնք մինչ օրս արգելափակված են ադրբեջանական կողմի պատճառով։
Կողմերի մոտեցումները շարունակում են էապես տարբերվել։ Այն, ինչ Երևանում համարում են TRIPP նախագիծ, Բաքվում և Անկարայում այլ կերպ են ընկալում և համառորեն անվանում են «Զանգեզուրի միջանցք»՝ քաջ գիտակցելով, որ այդ ձևակերպումը բացասական արձագանք է առաջացնում Հայաստանում։
Առայժմ նախագիծը գոյություն ունի հիմնականում հայտարարությունների և հռետորաբանության մակարդակում։ Իսկ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանի բոլոր մասնակիցների շահերը», — եզրափակել է Կոնկովը։