Արցախում խաղաղապահների խնդիրը ցեղասպանություն թույլ չտալն է. Բոգդան Բեզպալկո

16 Սեպտեմբերի 2023, 14:00

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանի Նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է տարածաշրջանում իրադարձությունների զարգացման տարբերակները եւ խաղաղապահների արձագանքը Ադրբեջանի այս կամ այն գործողություններին:

«Տեսականորեն, խաղաղապահները պետք է դադարեցնեն, առհասարակ, ցանկացած ռազմական ակտիվություն, ինչպիսին էլ այն լինի, բայց գործնականում, ցավոք, հնարավոր չէ ամբողջությամբ համահարթեցնել ռազմական գործոնը։ Իմ կարծիքով, Արցախում ռուս խաղաղապահների գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ ցեղասպանություն, լիակատար վտարում, կրկնակի նվաճում, այսինքն՝ ցանկացած զանգվածային գործողություն, որը կարող է ձեռնարկվել Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ։

Եվ, իհարկե, խաղաղապահները չեն կարող ամբողջությամբ դադարեցնել ռազմական ակտիվությունը, բայց նրանք իրենց դերը կատարում են միջազգային պայմանավորվածությունների հիման վրա՝ գտնվելով Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ադրբեջանը կամ Ադրբեջանի որոշ ուժեր, գուցե, ցանկանային ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել, բայց այս դեպքում նրանք, նախ, պետք է ազատվեն խաղաղապահներից կա՛մ դիվանագիտական և քաղաքական ճանապարհներով, կա՛մ ռազմական ճանապարհով:

Հիշեցնեմ, որ Հարավային Օսիայի տարածքում հակամարտությունը սկսվեց նրանից, որ վրացական զինված ուժերի կողմից սպանվեցին շուրջ 300 ռուս խաղաղապահներ, որից հետո հարձակում ձեռնարկվեց Հարավային Օսիայի և Ցխինվալի վրա։ Այս իրավիճակում, եթե Ադրբեջանը որոշի ռազմական ինչ-որ քայլեր ձեռնարկել, ապա առաջին հարվածը նույնպես պետք է հասցվի ռուս խաղաղապահներին։ Առայժմ դրանք իրենց գործառույթն են կատարում, բայց հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունները և իրավիճակի բարդությունը՝ հնարավոր չէ լիովին բարենպաստ իրավիճակ ստեղծել։ Խաղաղապահների մանդատը թույլ չի տալիս նրանց մարտական գործողություններ վարել կողմերից մեկի դեմ, նույնիսկ եթե այդ կողմերից մեկը արգելափակում է հումանիտար միջանցքը»,- նշել է փորձագետը։

Բեզպալկոն Ադրբեջանին զգուշացնում է՝ զերծ մնալ Արցախի նկատմամբ չափից առավե նախանձախնդրությունից, քանի որ դա հղի է ամբողջ տարածաշրջանում էսկալացիայով։
«Խաղաղապահները գործելու են այն կանոնադրություններովո և կանոնակարգեվի հիման վրա, որոնց հիման վրա նրանք գոյություն ունեն և տեղակայված են Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բայց, համարձակվում եմ Ձեզ հավաստիացնել, որ եթե Ադրբեջանը որոշի նման գործողության դիմել, ապա կարձագանքեն բոլորը՝ Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը, միջազգային կազմակերպությունները, օրինակ՝ ՄԱԿ-ը։

Բայց, թե ինչպես դա կլինի, անհնար է ասել, քանի որ անհնար է կանխատեսել ո՛չ բուն գործողությունը, ո՛չ էլ դրա հետևանքները: Ամենավատ դեպքում, ողջ տարածաշրջանն է լալիս։ Ռազմական գործողությունների կամ առճակատման մեջ կներգրավվեն և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը։ Գուցե, նույնիսկ, Վրաստանը։ Այս դեպքում շահում են նրանք, ովքեր հեռու են այդ տարածաշրջանից, և ում համար Եվրասիայի ստորոտում անկայունությունն ու քաոսը բարենպաստ գործոն է քաղաքական և տնտեսական գերիշխանության համար։ Ուստի, այժմ գլխավոր խնդիրը նման ագրեսիա թույլ չտալն է, և այն պետք է հիմնվի, առաջին հերթին, միջազգային իրավունքի վրա։ Հենց միջազգային իրավունքին պետք է դիմեն և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը և՛ մնացած բոլոր երկրները»,- ընդգծել է Բեզպալկոն։

«Այստեղ, իհարկե, այս ամենը բարդացնում է այն փաստը, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս դեպքում բոլոր քաղաքական գործիչներն ու Ադրբեջանի ղեկավարը կարող են ասել, որ «մենք պարզապես սահմանադրական կարգ ենք հաստատում մեր տարածքում»։ Եվ այս իրավիճակում այս փաստարկին առարկելու ոչինչ չի լինի, բացի նրանից, որ այնտեղ խախտվում են մարդու իրավունքները՝ հայ բնակչության կրոնական ազատության, ազատ տեղաշարժի, քաղաքացիական իրավունքները, կյանքի իրավունքը։ Այդ դեպքում, կրկին կարող է այնտեղ խաղաղապահներ տեղակայելու հարց առաջանալ, քանի դեռ այդ իրավիճակը չի փոխվել», — փաստում է Alpha News-ի զրուցակիցը։