ԵՄ-ն չպետք է մեղսակից լինի ԼՂ-ում էթնիկ զտումների փորձին․ ԵԽ պատգամավորը՝ ադրբեջանական հարձակման մասին

20 Սեպտեմբերի 2023, 20:36

Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իզաբել Սենտուշը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական լայնածավալ հարձակման մեջ մեղադրել է ԵՄ պաշտոնյաներին, որոնք համագործակցում են Ադրբեջանի հետ: Այս մասին նաև հայտարարել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որի ժամանակ քննարկվել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը:

«Մենք չենք կարող մոռանալ, որ այս ամենը մեծապես հետևանք է մեր գործած լուրջ սխալների, երբ եվրահանձնակատարը և անձամբ Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենն այցելեցին Ադրբեջան՝ համաձայնագրեր ստորագրելու Ադրբեջանի հետ՝ ասելով, որ այդ երկիրը հուսալի գործընկեր է, և վստահելով նրանց», — նշել է Սենտուշը։

ԵԽ պորտուգալացի պատգամավորի խոսքով՝ չի կարելի անտեսել այն, ինչ տեղի է ունեցել տարիների ընթացքում, 2020 թ․-ին և հիմա՝ այս նոր իրավիճակով, «որը մենք ինքներս ենք ստեղծել»։ Սենտուշը Բաքվի լայնածավալ հարձակումը բնութագրել է որպես «վրեժխնդրություն»։

Իրավիճակի լուծման համար Իզաբել Սենտուշը մի քանի քայլ է առաջարկել, մասնավորապես՝ այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստիպված չլինի հեռանալ։

«Մենք չենք կարող մեղսակից լինել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների այս փորձին, մենք պետք է կանգնենք ժողովրդի կողքին։ Մենք կարող ենք մարդասիրական օգնություն հասցնել այնտեղ գտնվող մարդկանց Լաչինի միջանցքով, ինչն առայժմ չենք կարողացել անել։ Եվ մենք պետք է ուժեղացնենք տեղում մեր քաղաքացիական առաքելությունը», — նշել է նա՝ կասկածի տակ դնելով ՌԴ խաղաղապահների դերը։

Իզաբել Սենտուշը նաև հարց է հղել Եվրախորհրդարանին՝ «ի՞նչ իրական շոշափելի քայլեր են կատարվում՝ ի պատասխան այս իրադարձությունների»։

«Գրեթե 24 ժամ է անցել, գործելու ժամանակն է», — եզրափակել է նա։