Ադրբեջանի լայնածավալ գործողությունը կանխամտածված է եղել․ ՄԱԿ-ի ԱԽ նիստում Արցախի հարցն է քննարկվում

22 Սեպտեմբերի 2023, 00:30

Քաղաքականություն

Մոսկվան հույս ունի, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև շփումների արդյունքում հնարավոր կլինի թեթևացնել մարդասիրական իրավիճակը տարածաշրջանում։ Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստին հայտարարել է ՌԴ ​​ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Նա շեշտել է, որ չնայած ծանր իրավիճակին՝ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները։ Խաղաղապահները մարդկանց ճամբար են տեղափոխել, նրանք պաշտպանված են հրետակոծությունից։

Հայաստանն ու Ադրբեջանը հարեւաններ են, որոնք չեն կարող այլ վայր տեղափոխվել։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։ «Վեճերը երկխոսությամբ եւ քննարկումներով լուծելը կծառայի ոչ միայն երկու երկրների հիմնարար շահերին, այլ նաեւ կօգնի միասնաբար ապահովել տարածաշրջանի անվտանգությունը եւ կայունությունը», — նշել է Չինաստանի ներկայացուցիչը։

«Կոչ ենք անում Ադրբեջանին ռազմական գործողությունները անմիջապես դադարեցնել, անհանգստացնող լուրեր ենք լսում», — հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչը։

«Իրավիճակը տեղում մնում է ծանր, մենք խորապես անհանգստացած ենք, քանի որ տեղեկություններ ենք ստանալով քաղաքացիական անձանց դեմ բռնությունների մասին», — Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հավելել է, որ պահանջում են առանց որևէ պատնեշների ապահովել մարդասիրական օգնության հասցնումը դեպի ԼՂ։

Ոչ ոք չի կասկածում, որ Ադրբեջանի լայնածավալ գործողությունը կանխամտածված է եղել։ Այս մասին Արցախում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ասել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավար Կատրին Կոլոննան։

«Արցախի վրա հարձակման արդյունքում տասնյակ արցախցիներ, այդ թվում՝ երեխաներ, զոհվել են, հարյուրավոր վիրավորներ կան։ Այսօր վտանգված է ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի ապրելու իրավունքը», — նշել է Կոլոննան։

Մտահոգված ենք այն լուրջ ճնշումներով, որոնք կրում է ԼՂ բնակչությունը։ Այս մասին ՄԱԿ-ում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի և Միավորված ազգերի կազմակերպության հարցերով պետնախարար լորդ Թարիք Ահմադը և հավելել․ «Երբ Ադրբեջանը հայտարարեց, որ ռազմական գործողություն է սկսում, մեր գործընկերների հետ կոչ արեցինք դադարեցնել ուժի գործադրումը։ Բռնության հետագա գործադրումը կթուլացնի փխրուն առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններում»։