Նրանք պարզապես կանգնած են եղել՝ ՀՀ դրոշներով և Արցախին ու ՀՀ-ին վերաբերող պաստառներով. Ամերիկյան համալսարան

26 Սեպտեմբերի 2023, 20:51

Քաղաքականություն

Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակից ուսանողներին բերման ենթարկելու առնչությամբ։

«Հայաստանի ամերիկյան համալսարանն իր խորը մտահոգությունն է հայտնում ոստիկանության կարմիրբերետավորների կողմից համալսարանի մոտից ուսանողներին բերման ենթարկելու կապակցությամբ:

Բերման ենթարկված ուսանողները ոչ միայն վարչական, այլ ընդհանրապես որևէ խախտում թույլ չեն տվել: Նրանք պարզապես կանգնած են եղել համալսարանի մոտ՝ Հայաստանի դրոշներով և Արցախին ու Հայաստանին վերաբերող պաստառներով:

Անհանգստացած ենք, որ ուսանողների նկատմամբ նման գործողությունը կարող է վնասել Հայաստանի՝ որպես իրավական և ժողովրդավարական պետության, հեղինակությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ոստիկանները մի շարք ուսանողների բերման էին ենթարկել Ամերիկյան համալսարանի մոտից։ Տեսանյութը տարածել էր «Ազգային կոմիտեն»։