Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու համար տնտեսական հիմքեր չեմ տեսնում․ Ալեքսանդր Կորոլյով

09 Հոկտեմբերի 2026, 15:23

Կարծիք | Քաղաքականություն

Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համալիր եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (ՑԿԵՄԻ) փոխտնօրեն Ալեքսանդր Կորոլյովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է եվրասիական ինտեգրման հեռանկարներին և Հայաստանի անդամակցության հարցի հնարավոր ազդեցությանը Եվրասիական տնտեսական միության ապագայի վրա։ Հարցազրույցը տեղի է ունեցել «Ռուսաստանը և նոր բազմաբևեռ աշխարհակարգը․ գաղափարից դեպի իրականություն» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում՝ նվիրված Համապարփակ եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 20-ամյակին։

Անդրադառնալով եվրասիական ինտեգրման ներկա վիճակին՝ փորձագետը նշել է, որ միավորման մի շարք առանցքային խնդիրներ մինչ օրս լուծված չեն։

«Մասամբ համաձայն եմ, որ եվրասիական ինտեգրումը հասել է իր հնարավորությունների սահմանին, քանի որ եվրասիական ինտեգրման մի շարք հիմնական գործառույթներ պարզապես իրականացված չեն։ Օրինակ՝ նավթի, գազի և էներգակիրների միասնական շուկայի ձևավորման խնդիրները։ Դա նախկինի պես բարդ խնդիր է, որի լուծումը բազմիցս հետաձգվել է և մինչ օրս այդպիսին էլ մնում է։

Միասնական ֆինանսական շուկայի ստեղծումն այժմ բախվում է դժվարությունների՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանափակումների պատճառով։ Հետևաբար, ԵԱՏՄ շրջանակում միասնական բորսայական տարածքի ստեղծումը և վճարային միասնական համակարգերի անցումը նույնպես շարունակում են մնալ երկարաժամկետ խնդիրներ։

Նույնը վերաբերում է միասնական տրանսպորտային տարածքի ստեղծմանը։ Այս հարցը քննարկվում էր տասը տարի առաջ, քննարկվում է հիմա և, հավանաբար, կքննարկվի նաև տասը տարի անց»,- նշել է Կորոլյովը։

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության շուրջ քննարկումների հնարավոր ազդեցությանը միության ապագայի վրա՝ փորձագետը կասկած է հայտնել, որ Հայաստանը կարող է դուրս գալ միավորումից։

«Չեմ կարծում, որ հնարավոր է Հայաստանի հեռացումը ԵԱՏՄ-ից։ Ոչ ոք Հայաստանին չի հեռացնի ԵԱՏՄ-ից։ Եթե Հայաստանը ցանկանա դուրս գալ ԵԱՏՄ-ից, ապա ինքը պետք է նման ցանկություն հայտնի։ Սակայն, ինչպես բազմիցս հայտարարել են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները, միությունից որևէ երկրի բացառելու մեխանիզմ գոյություն չունի։

Տնտեսական տեսանկյունից ես ընդհանրապես չեմ տեսնում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ հնարավոր սցենար։ Հետևաբար, այս հարցը համարում եմ խիստ շահարկային։ Դրա հետևում որևէ բովանդակային հիմք չկա։

Սակայն այժմ այս հարցը, բնականաբար, գրգռվածության աղբյուր է ԵԱՏՄ անդամ պետությունների, հատկապես Ռուսաստանի համար, որը միավորման խոշորագույն տնտեսությունն է և դրա ոչ պաշտոնական քաղաքական առաջնորդը։

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս հարցն այս կամ այն կերպ կլուծվի քաղաքական մակարդակում և որոշ ժամանակ անց իր լուծումը կգտնի»,- եզրափակել է փորձագետը։