Դուք չեք կարող ձեռքերը ծալած նստել. Վիկտոր Նադեին-Ռաևսկի

29 Սեպտեմբերի 2023, 23:45

Քաղաքականություն

Ռուս արևելագետ, ՌԴ ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Արցախի հայկական նյութամշակութային ժառանգության հետագա ճակատագրի հարցը՝ Արցախից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո:

Անդրադառնալով Արցախի ճարտարապետական հուշարձանների անվտանգությունն ապահովելու համար միջազգային կառույցների ներգրավման խնդրին, փորձագետն ընդգծել է, որ շանսերը քիչ են, բայց պետք է անել հնարավորը։

«Միջազգային իրավական սկզբունքները շատ չեն օգնի, Ադրբեջանը, անկեղծ ասած, թքած ունի դրա վրա, քանի որ դեռ խորհրդային տարիներին քանդել են հայկական եկեղեցիները, խաչքարեր ուղարկել քար ջարդողներին, հետո սկսել են դրանք ալբանական հայտարարել։ Որքան քանդված եկեղեցիներ, որքան հուշարձաններ… Ոչնչացվել են Խորհրդային Միության բոլոր հայ հերոսների և մարշալների հուշարձանները։ Մենք, իհարկե, պետք է փորձենք օգտվել միջազգային հանրությունից և նրա ազդեցությունից, բայց նա ավելի շատ շահագրգռված է ադրբեջանական նավթ ու գազ ձեռք բերելով, քան հայկական մշակութային հուշարձանների պահպանմամբ։ Ավելին, նրանց մասին քչերը գիտեն։

Հիմա քաղաքական գործիչների մի սերունդ կա, որը շատ վատ է տեղեկացված ժողովուրդների մշակութային ժառանգության մասին, և, որպես կանոն, պատմություն չգիտի։ Ուստի, իհարկե, թերահավատորեն եմ վերաբերվում միջազգային հանրության օգնությանը, բայց պետք է փորձել»,- ասում է Alpha News-ի զրուցակիցը։

«Քրիստոնեական գիծը քիչ է հետաքրքրում մահմեդական շիա Ադրբեջանին, ինչպես հասկանում եք: Հետեւաբար, ամեն ինչ բավականին բարդ կլինի։ Բայց մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել։ «Այն ամենը, ինչ կարելի է մոբիլիզացնել՝ և՛ միջազգային հանրությունը, և՛ միջազգային դատարանները, պետք է մոբիլիզացվի այդ հուշարձանները՝ արդեն ավերված հուշարձանները, պաշտպանելու համար», — ասել է Նադեին-Ռաևսկին:

Փորձագետը վստահ է, որ քրիստոնեական խոշոր դավանանքները անտարբեր չեն մնա Արցախի քրիստոնեական ժառանգության ճակատագրի նկատմամբ, և այս ուղղությունը կարող է ամենաարդյունավետը լինել հուշարձանների խնդրի լուծման համար։

«Այնտեղ պահպանվում է ողջ Հայաստանի, ոչ միայն Ղարաբաղի մարգարիտը՝ Գանձասարը, այնտեղ թաղված Հովհաննես Մկրտչի գլուխը, այս հուշարձանը ճանաչված է նաև կաթոլիկ եկեղեցու կողմից, նրանց համար սա նույնպես սուրբ վայր է: Այսինքն, իհարկե, մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորություններն ու բոլոր տարբերակները։

Իհարկե, անհրաժեշտ է ներգրավել և՛ քրիստոնեական ուղղափառ եկեղեցուն, և՛ կաթոլիկ եկեղեցուն, քանի որ խոսքը ողջ քրիստոնեության ժառանգության մասին է։ Վստահ եմ, որ Պապը նույնպես հանդես կգա իր աջակցությամբ, և, իհարկե, մեր Հայրապետը»,- եզրափակել է արեւելագետը։

Հիմա եթերում