Բորելը Հայաստանի և Ադրբեջանի միջև Բրյուսելում հանդիպումների հույս է հայտնել

05 Հոկտեմբերի 2023, 16:00

Քաղաքականություն

Եվրամիությունը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կկարողանան հանդիպել Բրյուսելում և քննարկել տարածաշրջանում հակամարտության զարգացումը կանխելու հարցը։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նշվում է, որ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասել է․ «Ափսոս, որ Ադրբեջանն այստեղ չէ, ափսոս, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող գլխավոր երկիրը, նույնպես չկա։ Հետևաբար, այստեղ մենք չենք կարող խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն փաստն է, որ ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը»:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն դատապարտում է «հակամարտությունները լուծելու համար ռազմական ուժի կիրառման գործողությունները»։

«Հուսով եմ, որ կստացվի Բրյուսելում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներ։ Դա անհրաժեշտ է՝ համոզվելու, որ հակամարտությունը չի ընդլայնվի։ Բացի այդ, հարկավոր է հասնել Հայաստանում քաղաքական կայունացման», — եզրափակել է Բորելը։

Հնարավոր հանդիպմանն անդրադարձել է նաեւ պաշտոնական Բաքուն: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Բրյուսելում եռակողմ հանդիպումների՝ Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափով։