Լեռնային Ղարաբաղ այցից հետո ՄԱԿ-ի պատվիրակության հաղորդագրությունը խիստ կողմնակալ է և չի արտացոլում իրավիճակը. ՀՀ ԱԳՆ

05 Հոկտեմբերի 2023, 17:45

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ։

«Հայաստանը խոր մտահոգությամբ և հիասթափությամբ է ընդունել տեղեկատվությունն Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի և դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է հոկտեմբերի 2-ին ԱԳՆ-ում կայացած՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նախ, պետք է արձանագրել, որ Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության հոկտեմբերի 2-ի այցը չի կարող համարվել միջգործակալական փաստահավաք առաքելություն և որևէ առնչություն չունի հայկական կողմի ու միջազգային հանրության ակնկալիքների հետ: Ավելին, պատվիրակության այցը տեղի է ունեցել միայն այն ժամանակ, երբ էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղը լիովին զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Որպես օբյեկտիվ գնահատական, ՄԱԿ պատվիրակությունը կարող էր ընդամենն արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայաթափման փաստը՝ ականատես լինելով, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հետևում թողել իր հայրենի բնակավայրերը, հարազատների գերեզմանները և բազմադարյա մշակութային ու կրոնական ժառանգությունը:

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր՝ ամիսներ շարունակ, հայկական կողմը ներգրավվել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և ՄԱԿ Քարտուղարության այլ ստորաբաժանումների հետ՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղ գործուղել ՄԱԿ միջգործակալական փաստահավաք առաքելություն՝ ԼՂ շրջափակման հետևանքով ի հայտ եկած հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակի գնահատման ու ԼՂ բնակչության հումանիտար կարիքներին արձագանքի նպատակով: Խնդրո առարկան բազմիցս բարձրացվել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպումների ընթացքում:

Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, անկախ իրավաբաններ, ցեղասպանագետներ մտահոգություն էին հայտնել ԼՂ ժողովրդի առջև ծառացած գոյաբանական վտանգների մասին՝ մատնանշելով ոճրագործության հանցագործությունների ռիսկերը: ԼՂ-ում ներկայություն ունեցող միակ մարդասիրական կազմակերպությունը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, իր հաղորդագրության մեջ մտահոգություն էր հայտնել, որ ի վիճակի չէ հումանիտար աջակցություն ցուցաբերել քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով: Այս բոլոր զեկույցները և գնահատականներն, որոնք վկայում էին նաև ՄԱԿ-ի կողմից հռչակված «ոչ ոքի հետևում չթողնելու» հանձնառության նկատմամբ բացահայտ արհամարհանք, ի ցույց էին դնում իրավիճակի ողջ լրջությունը, ինչը, փաստորեն, անտեսվել է ՄԱԿ-ի կողմից:

Այցից հետո տարածված մամուլի հաղորդագրությունը խիստ կողմնակալ է և չի արտացոլում իրավիճակը գետնի վրա. դրանում որևէ հղում չկա Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով բազմաթիվ զոհերին և վիրավորներին, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը, Լաչինի միջանցքի ավելի քան 9 ամիս տևած արգելափակմանը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Հակարի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետից քաղաքացիների առևանգմանը և միջազգային գործընկերներին հայտնի այլ փաստերին: 

Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության այցն Ադրբեջանի կողմից օգտագործվել է իր քարոզչական ընկալումներն առաջ մղելու և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակումն ու դրա հետևանքները օրինականացնելու նպատակով:  

Հայաստանն ակնկալում է ՄԱԿ կողմից հստակ արձագանք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման, ԼՂ ժողովրդի հիմնարար մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին` միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության հիմնարար սկզբունքների համաձայն», — ասվում է ԱԳՆ մեկնաբանությունում։