«Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ մասնաճյուղը 5 մլն դոլարի աջակցություն կտրամադրի արցախցիներին

07 Հոկտեմբերի 2023, 16:35

Քաղաքականություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ մասնաճյուղը հայտարարել է, որ 5 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի նախորդ ամիս Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով Արցախից տեղահանված հայերին։ Այս մասին հայտնել է «Ասպարեզ» լրատվական կայքը։

«Հաշվի առնելով Արցախում տիրող իրավիճակը՝ «Հայաստան» հիմնադրամի տնօրենների խորհուրդը 5 միլիոն դոլար է հատկացրել՝ տեղահանված մեր եղբայրներին և քույրերին օգնելու համար, որն անմիջապես ուժի մեջ կմտնի»,-ասվում է հիմնադրամի խորհրդի նախագահ Մարիա Մեհրանյանի հայտարարության մեջ։

«Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է նաև «Արցախի փախստականների նախաձեռնությունը. վերականգնել հույսը միասին» ծրագիրը, որը, ըստ կազմակերպության, կշարունակի փախստականներին ապահովել կարճաժամկետ անհրաժեշտ նյութերով, ինչպիսիք են սնունդը, հագուստը և այլ պարագաներ՝ միաժամանակ աշխատելով միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներին հասնելու ուղղությամբ: