Ակցիա Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ Արցախի բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու համար

07 Հոկտեմբերի 2023, 19:13

Քաղաքականություն

Հայ Երիտասարդական Միությունը (ՀԵՄ) ակցիա է անցկացրել Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ դատապարտելու Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) բնակչության նկատմամբ իրականացված երկրորդ Հայոց ցեղասպանությունը։

Ակցիան ուղեկցվել է տեղեկատվական թռուցիկների բաժանմամբ և դեսպանատան առջև «գերեզմանների» տեղադրմամբ՝ խորհրդանշելու Ադրբեջանի ցեղասպանությունն ու էթնիկ զտումները, որոնք ավարտվեցին 100,000 մարդկանց աքսորով և բռնի տեղահանմամբ։ Ակցիայի մասնակիցները նշել են նաև Արցախից գերության տարված մի շարք պաշտոնատար անձանց մասին.

«Ադրբեջանի կառավարությունն առևանգել է Արցախի Հանրապետության քաղաքական առաջնորդներին։ Մենք պահանջում ենք նրանց անհապաղ ազատ արձակել»։