Սերգեյ Սմբատյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

18 Մայիսի 2023, 18:10

Հայեր

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան: Անցած տարի պրն Սմբատյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հանրային հեռուստաընկերությունը համատեղ ստեղծեցին վարպետության ծնողավարության դաս այն մասին, թե ինչպես ծնողները կարող են նպաստել երեխաների զարգացմանը, խթանել նրանց ուղեղի աճը և հոգ տանել նրանց հոգեկան առողջության համար՝ օգտագործելով երաժշտության ուժը:

Այս տարի մայիսի 15-ին՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ պրն Սմբատյանը միացել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ Արթիկի երկու գյուղական բնակավայրերում բացելու այլընտրանքային նախադպրոցական հաստատությունների դռները փոքրիկ երեխաների առջև: Պարոն Սմբատյանը աջակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ բարձրաձայնելով երեխաների խնդիրները և նպաստել երեխաների իրավունքների շուրջ իրազեկվածության բարձրացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծնողական պատշաճ խնամքին և վաղ մանկության կրթության և զարգացման կարևորությանը երեխաների կյանքի լավագույն սկիզբն ապահովելու համար:

«Երբ խոսքը վերաբերում է երեխաների իրավունքներին, մենք բոլորս նույն թիմում ենք: Մենք հրավիրում ենք մարդկանց, ովքեր պատրաստ են փոփոխություններ բերել երեխաների կյանքում, ովքեր կարող են անել հնարավորն ու անհնարինը, միանալու մեզ և օգնելու ապահովել, որ Հայաստանում բոլոր երեխաներն ունենան հնարավորություններ և աջակցություն՝ իրենց ողջ ներուժը զարգացնելու համար: Մենք ուրախ ենք, որ մաեստրո Սերգեյ Սմբատյանը համաձայնել է միանալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմին, և մենք անհամբերությամբ սպասում ենք համատեղ աշխատանքի հաջորդ երկու տարիներին՝ լույս սփռելու Հայաստանում երեխաների կարիքների և նպատակների վրա»,- նշել է Քրիսթինե Վայգանդը՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպանները հայտնի անձիք են։ Որպես արվեստի, երաժշտության, կինոյի, սպորտի և այլ ոլորտների նշանավոր անձիք՝ նրանք կարևոր դեր են խաղում՝ լույս սփռելու այն մարտահրավերների վրա, որոնց բախվում են երեխաներն ամբողջ աշխարհում: Դեսպանները տրամադրում են իրենց ժամանակը` բարձրացնելու իրազեկվածությունը և մոբիլիզացնելու աջակցություն, որպեսզի օգնեն ՅՈՒՆԻՍԵՖ-ին հասնել և աջակցել առավել անապահով երեխաներին և դեռահասներին:

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ նպաստելու երեխաների իրավունքների պաշտպանությանը և աջակցելու այն ծրագրերին, որոնց շնորհիվ Հայաստանում  հնարավոր կլինի սովորելու և զարգանալու հավասար ու հասանելի պայմաններ ստեղծել յուրաքանչյուր երեխայի համար»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։ 

Հիմա եթերում