Թշնամու հետ հնարավոր չէ ինտեգրվել, Արցախում պետք է հայկական իշխանություն լինի. Լավրենտ Գասպարյան

10 Հոկտեմբերի 2023, 22:00

Հայեր

Արցախից բռնի տեղահանված Լավրենտ Գասպարյանը պատրաստ է վերադառնալ իր տուն՝ Արցախ, եթե այնտեղ հայկական իշխանություն լինի:

«Արցախցիների մեծամասնությունն այն մտքին է, որ մի օր պետք է վերադառնանք մեր օրրան: Հայաստանը մեր հայրենիքն է, բոլոր արցախցիների անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորին, բայց ես կուզենամ Արցախում ապրել: Արցախում պետք է մեր եկեղեցիների զանգերը ղողանջեն, մեր խաչը, լեզուն, մշակույթը պետք է լինի: Թշնամու հետ ինտեգրվել հնարավոր չէ, մենք կարող ենք ինտեգրվել այստեղ, բարիդրացիական հարաբերություններ ունեցող մեկ այլ պետության հետ, բայց ոչ ադրբեջանցիների հետ, դա բացառվում է»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է նա:

Լավրենտ Գասպարյանն աշխատում էր Ստեփանակերտի բնակարանային հարցերի կոմիտեում՝ որպես տնտեսվար: 44-օրյա պատերազմից հետո նա զբաղվում էր Ադրբեջանի կողմից օկուպացված բնակավայրերից տեղահանվածների բնակարանային հարցերով: 3 տարի հետո Լավրենտ Գասպարյանն իր հերթին բնակարանի կարիք ունի:

Սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի վերջին հարձակումից հետո նա իր որդու եւ երկու դուստրերի ընտանիքների հետ ստիպված են եղել լքել Ստեփանակերտի իրենց տները: Մոտ 40 ժամ ճանապարհ են եկել, հասել Կոռնիձոր, որտեղ նրանց շատ ջերմ են դիմավորել:

«Ամենաշատը հենց էդտեղ հուզվեցի, մեզ շատ լավ դիմավորեցին, կյանքում չեմ մոռանա: Հիմա Երեւանում ընկերոջս տանն ենք մնում, ոնց որ մեր տանը լինենք, բայց բնակարան ենք փնտրում, պետք է հարմար տարբերակ լինի, գներն ու բռնի տեղահանված արցախցիների հնարավորությունները իրար հետ չեն համընկնում, հույս ունենք, որ ժամանակի հետ կշտկվի»,- կիսվում է Լավրենտ Գասպարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: