Տպավորություն էր, թե Արցախում թշնամաբար են վերաբերվում խաղաղապահներին, դա այդպես չէ. Մետաքսե Հակոբյան

13 Հոկտեմբերի 2023, 22:06

Քաղաքականություն

Տպավորություն էր, թե Արցախում թշնամաբար են վերաբերվում ռուս խաղաղապահներին, բայց իրականում դա այդպես չէ։

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Տպավորություն էր, թեկուզ ՀՀ մեր հայրենակիցների մոտ կամ միջազգային հանրության մոտ, որ այո՛, Արցախում դժգոհ են, Արցախում թշնամաբար են վերաբերվում ռուս խաղաղապահներին, բայց այդպես չէր։ Արցախցին իր իմաստությամբ հասկանում էր, որ այն, ինչ արվում է այդ ուղղությամբ, վտանգում է հենց իրեն։ Այդ լուրերը տարածողները ընդամենը փոքրիկ խմբակներ էին, որոնք նման քայլեր էին անում»,- նշել է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Արցախում, այնուամենայնիվ, այդ փոքրիկ խմբավորումները չունեին աջակիցներ․

«Դեռ 2018-ին ակնհայտ էր, որ Արցախում պրոյեկտներ են ստեղծվում։ Բավականին թափով այդ պրոյեկտները սկսում են իրենց գործունեությունը։ Տարիների ընթացքում պարզ տեխնոլոգիաներ էին կիրառում, որով կարողանում էին ազդեցություն ունենալ։ Արցախում ժողովուրդը իմաստուն էր։ Նույնիսկ, եթե կար ազդեցություն, դա շատ կարճ էր տևում։ Միևնույն է, մարդիկ չէին հավաքվում այդ պրոյեկտների շուրջ, իրենք չունեին աջակիցներ, և որպեսզի աղմուկը բարձր լիներ ու հասներ նպատակակետին, Արցախից դուրս գար, կարողանում էին տեխնոլոգիաների կիրառմամբ դա անել։ Սակայն, Արցախում իրականությունը լրիվ այլ էր»,- ասել է Մետաքսե Հակոբյանը։