Ստեփանակերտում բացվել է Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի նոր հավաքածուի ցուցադրությունը
Ստեփանակերտի պատկերասրահում նախօրեին բացվել է Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի նոր հավաքածուի ցուցադրությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ բացված ցուցադրությանը ներկայացվել է 40 գեղանկար: Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանը մեզ հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ ցուցադրությունը թանգարանի վերածնունդն է խորհրդանշում:
«Շուշիի ցավագին կորուստը, հուսահատվելու, թևաթափ լինելու փոխարեն, մեզ մղեց գործելու և նոր քայլերի: Մենք լծվեցինք դիմակայելու մեր առջև ծառացած մարտահրավերներին: Շուշիի մեր 4 թանգարանում մնացին բազում գեղանկարներ, հանքաքարերի մեծ հավաքածու:
Դժվար էր պատկերացնել, թե ինչպես կարելի ամեն ինչ նորից սկսել, բայց համախմբվեցինք ու լծվեցինք աշխատանքի: Թանգարանների հիմնադիր, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի աջակցությամբ և նախաձեռնությամբ նորից սկսեցինք գեղանկարների հավաքագրումը:
Պատերազմից հետո մեզ հաջողվեց ձեռք բերել 110 գեղանկար»,- ասել է Լ. Գասպարյանը:
Նրա խոսքով՝ շարունակում են ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնել, ինչպես նաև ՀԱԵ Արցախի թեմի հետ համատեղ ցուցահանդեսներ կազմակերպել:
«Ցուցահանդեսներ են բացվել Ստեփանակերտի Մայր տաճարի ներքնահարկի սրահում, Հացի, Ծովատեղ և Խանցք համայնքներում»,- մանրամասնել է «Արցախպրես»-ի զրուցակիցը:
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի նշել է, որ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը կորցրել է գրեթե ամբողջ ֆոնդը՝ շուրջ 648 գեղանկարից փրկվել է միայն 80-ը:
«Այսօրվա դաժան պայքարում մեր մշակույթը, մշակութային ինքնությունը պահպանելը, զարգացնելը բոլորիս պարտքն է, որովհետև մեր տեսլականի՝ ամբողջական Արցախի համար պայքարը ոչ միայն ռազմական, քաղաքական ու տնտեսական դաշտում է, այլև՝ մշակութային ու կրթական»,- ընդգծել է Լ. Հովհաննիսյանը:
Շուշիի կերպարվեստի թանգարանի նոր հավաքածուի ցուցադրությունը կշարունակվի շուրջ 2 ամիս: