Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Փաշինյանը Ստրասբուրգում հաստատել ու համակարգել է ՀՀ-ի արտաքին վեկտորի փոփոխության կուրսը

17 Հոկտեմբերի 2023, 23:00

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանում, որը ոչ միայն գիծ գծեց 2021 թվականին ԵՄ հովանավորությամբ սկսված՝ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին, այլ հստակ ուրվագծեց Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև հստակ ցույց տվեց պաշտոնական Բաքվի հետ բանակցություններում առկա խնդիրները։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի ելույթում մենք ոչ միայն նորից լսեցինք, որ ՀԱՊԿ-ն ու «անվտանգային դաշնակիցները», այսինքն՝ Ռուսաստանը, չօգնեցին Հայաստանին, երբ Ադրբեջանը 2021 թվականի մայիսին օկուպացրեց Հայաստանի մի շարք տարածքներ, այլ նաև Եվրախորհրդարանի ամբիոնից գնահատական տվեց, որ այս ագրեսիայի և ադրբեջանական բանակի հետ Հայաստանին միայնակ թողնելու նպատակը ՀՀ անկախությունը ոչնչացնելու ցանկությունն էր՝ հասնելու համար երկրում խամաճիկ իշխանության ձեւավորմանը։ Այսինքն՝ Բաքվին ու Մոսկվային մեղադրեցին Հայաստանում ռազմական ագրեսիայի միջոցով բռնի իշխանափոխություն իրականացնելու փորձի մեջ։

Ավելին, Փաշինյանի ելույթից հայտնի դարձավ, որ Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ սեպտեմբերի 19-ից 23-ը Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցերը դաշնակիցների՝ երկրում իշխանություն փոխելու և «հայկական ժողովրդավարությունը ոչնչացնելու» ցանկության դրսեւորումն էին։

Փաշինյանի ելույթը կարող է ընկալվել նաև որպես արտաքին քաղաքականության ոլորտում սեփական սխալների ամրագրում և կոչ ԵՄ-ին, ընդհանրապես, և Եվրախորհրդարանին մասնավորապես՝ «աջակցել հայկական ժողովրդավարությանը» և Բաքվին բերել բանակցությունների սեղանի շուրջ «փաստաթուղթ ստորագրելու համար», ճանաչելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»։

Փաշինյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ «անկլավների թեմայի շուրջ բանակցել» (այլ կերպ ասած՝ «անկլավները» հանձնել Ադրբեջանին), կրկին ցույց տվեց իշխանամետ քարոզչության սնանկությունը, որը Գրանադայում հանդիպումից հետո՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի մակարդակով, հասարակությանը համոզում էր, որ նման թեմա, նույնիսկ բանակցությունների օրակարգում, չկար։

Փաշինյանն անձամբ հաստատեց նաև այն, ինչ երկար ժամանակ ասում են Հայաստանում մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և փորձագիտական հանրության ներկայացուցիչները. Ադրբեջանը շատ յուրօրինակ կերպով է «ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը»՝ պնդելով, որ սահմանազատումը պիտի տեղի ունենան այն քարտեզների համաձայն, որոնք Ադրբեջանը կբերի «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո։ Փաշինյանի խոսքերն ապացուցում են, որ թեև շատերին սյուրռեալիստական է թվում, սակայն Իլհամ Ալիևը չի ճանաչում ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ հրաժարվում է ճանաչել ոչ միայն հայկական 29 800 քառակուսի կիլոմետրը, այլև՝ սեփական 86 600 քառակուսի կիլոմետրը: Ալիևը ցանկանում է սահմանազատում անել իր պայմաններով ու քարտեզներով` դրանից բխող բոլոր հանգամանքներով:

Փաշինյանն իր ելույթը եզրափակեց «Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձենալու ցանկության մասին» խոսքերով՝ «այնքանով, որքանով դա հնարավոր է համարում Բրյուսելում»։ Այս առնչությամբ ցանկալի կլիներ մեկնաբանություններ լսել հայ և ռուս փորձագետներից, քաղաքական գործիչներից և պաշտոնյաներից, ովքեր, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցի այն խոսքերին, թե «Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները չեն վերանայվում», հայտարարեցին, որ «Նիկոլը վերադարձել է արտաքին քաղաքականության ոլորտում ռուսամետ վեկտորին»:

Եվ, ևս մեկ հետաքրքիր նրբերանգ:

Հոկտեմբերի 4-ին և 5-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 3-րդ գագաթնաժողովին։

Հոկտեմբերի 13-ին, ըստ երևույթին, պատճառաբանելով «կարևոր կարևոր անելիքներով»՝ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ստրասբուրգ՝ հանդիպումներ ունենալու եվրոպացի մի շարք պաշտոնյաների հետ, իսկ հոկտեմբերի 17-ին նախատեսված էր նրա ելույթը Եվրախորհրդարանում։

Ցանկալի կլիներ իմանալ, թե կոնկրետ ի՞նչ է տեղի ունեցել հոկտեմբերի 13-ին, որ պահանջում էր Նիկոլ Փաշինյանի անձնական ներկայությունը Հայաստանում։

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը փոխվում է, ու դա արվում է այն պայմաններում, երբ հավաքական Արեւմուտքը չի կարողանում (կամ, պարզապես, չի ցանկանում) երաշխիքներ տալ Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության համար (էլ չենք խոսում Ղարաբաղ հայերի վերադարձի երաշխիքների մասին)։

Սա միայն հաստատում է այն թեզը, որ կորցնելով Արցախը՝ մենք ոչ միայն չլուծեցինք մեր անվտանգության խնդիրները, այլև այն, որ Հայաստանը շարունակելու է մնալ «քաղաքական տուրբուլենտության» մեջ՝ թույլ տալով հակառակորդի ռազմական ենթակառուցվածքին և զորքերին մոտենալ իր սահմանին։ Այն տարածքում մոտենալ, որը նախկինում վերահսկվում էր Արցախի պաշտպանության բանակի կողմից և հանդիսանում էր Հայաստանի սահմանների լեգիտիմացման համակարգի մասը։

Հիմա եթերում