Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքում առաջին անգամ Հայ Առաքելական եկեղեցու պատարագ մատուցվեց

18 Հոկտեմբերի 2023, 18:54

Մշակույթ

Բելգիայի ֆլամանական Գերարդսբերգեն քաղաքում երկար տարիներ անց, ի վերջ, ստեղծվել է Հայ Առաքելական Եկեղեցու նոր համայնք եւ մատուցվել առաջին պատարագը՝ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի մասնակցությամբ։ Պատարագը մատուցել է Լիեժ քաղաքի հոգեւոր հովիվ Հոգշ. Տ. Մաղաքիա աբղ. Բեսքիսիզյանը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշել է, որ այս երեւույթն ինքնին խոսում է Սփյուռքում հայկական ոգին ամուր ու վառ պահելու մասին։

«Դժվարին օրեր անցյալում էլ ենք շատ ունեցել։ Ցեղասպանությունից հետո անկախ եւ ազատ Հայաստան ենք ստեղծել։ Դյուրին չէ, բայց գաղութների մեջ լավ կազմակերպված ենք, համաշխարհային կարեւորության անձինք ունենք, եւ, այս ամենը մեր մտքում ունենալով, որքան էլ դժվար լինի, չպետք է հուսահատվենք, եւ պետք է դեպի ապագա նայենք։ Անշուշտ, անցյալը կարեւոր է դասեր քաղելու առումով, բայց ապագայի վրա պետք է կենտրոնանալ», — ասել է Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։