Հայկական Star Development ՍՊԸ-ն 50 մլն եվրոյով ձեռք է բերել Սանկտ Պետերբուրգում շվեդական Bonava-ի ակտիվները
21 Հոկտեմբերի 2023, 00:51
bonava.com-ը փոխանցում է, որ շվեդական Bonava ընկերության ակտիվները Սանկտ Պետերբուրգում գնել է Հայստանից «Star Development» ՍՊԸ-ն։ Գործարքի արժեքը կազմել է 50 մլն եվրո:
«Բոնավան Սանկտ Պետերբուրգում բիզնեսի վաճառքի պայմանագիր է կնքել հայկական «Star Development» ընկերության հետ։ Գործարքը կազմել է մոտ 50 միլիոն եվրո: Գնորդը գնելու թույլտվություն է ստացել բիզնեսի փոխանցումը վերահսկելու համար ստեղծված հատուկ հանձնաժողովից: Վաճառքի գործարքի ավարտը ենթակա է Ռուսաստանի հակամենաշնորհային իշխանությունների հաստատմանը, հաստատումը սպասվում է 2023 թվականի չորրորդ եռամսյակում»,- ասվում է շվեդական ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Մայիսին Bonava-ն հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել RBI Group-ի հետ՝ Սանկտ Պետերբուրգում իր ակտիվները վաճառելու վերաբերյալ: Սակայն, պոտենցիալ գնորդը հատուկ հանձնաժողովից թույլտվություն չի ստացել, ուստի նրա հետ պայմանագիրը խզվել է։ Star Development-ն ունի նման թույլտվություն։
Bonava-ն բնակարաններ է կառուցում Շվեդիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Գերմանիայում և Բալթյան երկրներում: Կառուցապատողի ամենախոշոր բաժնետերը շվեդական Nordstjernan ներդրումային ընկերությունն է։