Հայաստանը եւս պետք է խաղա միջազգային իրավունքի վրա. Հարություն Առաքելյան
20 Հոկտեմբերի 2023, 23:00
Պետք է թուրքից իրենց դիվանագիտությունը սովորել, Հայաստանը եւս պետք է խաղա միջազգային իրավունքի վրա: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Արմենիուս» միաբանության հիմնադիր Հարություն Առաքելյանը:
«Չէինք կարող պատկերացնել, որ 21-րդ դարում մարդիկ հազարամյակների տուն-տեղը կթողնեն ու կգան Հայաստան: Զավեշտ է, որ մեկ անձ է որոշում Հայաստանի ճակատագիրը: Դա մի ցեց է, որով պետք է լուրջ զբաղվել: Արցախի հարցը ունի լուծումներ՝ նույնիսկ այս պարագայում: Մեր հարևան ցեղասպան երկու պետությունները, ցեղասպանությանը զուգահեռ, միշտ խաղում են միջազգային իրավունքի վրա: Այդ ամենը հիմնավորում են որպես պայքար՝ ընդդեմ ահաբեկչության: Ահաբեկչությունը լուրջ մեղադրանք է միջազգային իրավունքի տեսանկյունից, իսկ մենք միշտ այսպես եւ՛ցեղասպանվել ենք, եւ՛ զոհ ենք եղել, եւ՛ վերջում դարձել ենք ագրեսոր: Նույն կերպ անում է Ալիևը: Ասում է՝ ո՞վ է իրենց ասել՝ գնան, թող գան, ապրեն Արցախում, միմյանց հետ համակեցություն լինի»,- բացատրել է Առաքելյանը:
Նրա խոսքով՝ ժամանակին չենք ունեցել նորմալ դիվանագիտություն, միշտ էլ պարտվել ենք դիվանագիտական ճակատում, չենք կարողացել մեր հաղթանակները ամրապնդել դիվանագիտորեն: Մեր զրուցակիցը նշել է, թե այսօր ինչ պետք է անի Հայաստանը:
«Հայաստանը պետք է խաղա նույն միջազգային իրավունքի վրա: Մի քիչ թուրքից սովորենք իրենց դիվանագիտությունը: Եթե վտարանդի կառավարություն կա Հայաստանում, այն պետք է Ալիևի մարտահրավերը ընդունի ու ասի՝ գալիս ենք Արցախում ապրելու: Բայց պետք է պայման դնել՝ Ադրբեջանի շարքային քաղաքացի լինելով՝ մենք էլ մեր պայմաններն ունենք՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- նշել է Հարություն Առաքելյանը:
Նրա կարծիքով՝ Ադրբեջանը պետք է դառնա ֆեդերալ պետություն, ինչպես Ռուսաստանի Դաշնությունն է, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն է.
«Առաջինը՝ Արցախի վտարանդի կառավարությունը պետք է պայման դնի, որ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն լինի: Ադրբեջանը պետք է դառնա ֆեդերատիվ հանրապետություն և ազգային բոլոր հավաքականությունները պետք է դառնան ֆեդերացիայի սուբյեկտներ՝ թալիշները, հայերը, լեզգիները, թաթերը: Վտարանդի կառավարությունը պահանջ պիտի դնի, որ Ադրբեջանում երկու պալատ ստեղծվի: Վերին պալատում ազգային ներկայացուցիչները պետք է քվոտաներ ունենան»,- նշել է մեր զրուցակիցը:
Հարություն Առաքելյանի խոսքով՝ պետք է նախկինում կատարած հանցագործությունների համար պատժվեն մարդիկ.
«Վտարանդի կառավարությունը պետք է ասի՝ համակեցության համար մենք պետք է Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի և Խոջալուի հանցագործներին պատժենք: Պիտի դիմենք միջազգային դատարան, թո՛ղ հետաքննեն, քանի որ մարդկության հանդեպ ցեղասպանությունները, հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, իսկ Ադրբեջանը նման բազմաթիվ կոնվենցիաների է միացել: Բոլոր հիմքերը կան»,- եզրափակել է Հարությունյանը: