Այնուամենայնիվ, ի՞նչ պատճառով է Հայաստանն այդքան հեշտությամբ հանձնել Արցախը

02 Նոյեմբերի 2023, 23:00

Քաղաքականություն

(Պատասխանը պետք է գտնել 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Կարևոր է, որ կարողանանք առանց հույզերի վերլուծել մեր երկրի շուրջ տեղի ունեցող գործընթացները և փորձել գտնել ի հայտ եկած խնդիրների տրամաբանական բացատրությունը, որն իր հերթին թույլ կտա մեզ վերահսկել ռիսկերը։

Հենց վերը նշվածի համատեքստում արժե հասկանալ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը սահմանեց Հարավային Կովկասի անվտանգության նոր ճարտարապետության հիմքերը։ Նոր ճարտարապետություն, որը ներառում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումը, որտեղ կողմերի միջև պետք է բացվեին տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները, հարևանների միջև հաստատվեին ընդունելի հարաբերություններ և փոխշահավետ տնտեսական համագործակցություն, իսկ Արցախի հարցի լուծումը պիտի թողնվեր ապագային, և այս բոլոր գործընթացներում Ռուսաստանը պատրաստ էր անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին։

Ավելին, 2022 թվականին, ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի նիստին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է։ Ընդ որում, Մոսկվան, զգալի չափով, հաշվի առնելով Ադրբեջանի շահերը, երկու երկրների միջև խնդիրները լուծելիս, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցը, առաջնորդվելու է նրանով, թե ինչ կառաջարկի ինքը՝ Հայաստանը։

Ավելին, Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի թաքցրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը եղել և շարունակում է մնալ տարածաշրջանում իրավիճակի հանգուցալուծման հիմնաքարը։ Անկեղծ լինենք, Ռուսաստանի Դաշնության համար նոյեմբերի 9-ի փաստաթղթի ամենակարևոր կետերը 6-րդ և 9-րդ կետերն էին.
6-րդ կետ — Լաչինի միջանցքը (5 կմ լայնություն), որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև և չի անցնի Շուշի քաղաքով, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության տակ։

9-րդ կետ — Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է ԱՀ արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը։

Այս երկու կետերը պետք է թույլ տային Ռուսաստանի Դաշնությանը ոչ միայն պահպանել իր ներկայությունը տարածաշրջանում, այլև այն դարձնել մշտական։

Ժամանակի ընթացքում Փաշինյանը հստակ հասկացավ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները սահմանազատելուց, հաղորդակցությունների բացումից, ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ քննարկումներն հետաձգելու պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո հնարավոր կլինի կառավարել հակամարտությունը, հնարավոր կլինի սահմանել հստակ «խաղի կանոններ», և այս դեպքում նա անձամբ կդադարի լինել Ռուսաստանի քաղաքական գործընկերը Հայաստանում ու նաև դառնալու է մեր արևմտյան գործընկերների քննադատության թիրախը։ Դրանում նա տեսավ իր անձնական իշխանությանը սպառնացող վտանգները և ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ռուսական հարթակից դեպի արևմտյան հարթակ տեղափոխելու համար։

Ընդ որում, հայտարարության 6-րդ և 9-րդ կետերը փոխկապակցված են եղել միմյանց հետ, և եթե մի կետը հնարավոր չէ իրականացնել, ապա մյուսը նույնպես չի իրականացվի։ Պարզ ասած՝ չկա Արցախ, չկա նոյեմբերի 9-ի պայմանավորվածություն, չկա պայմանավորվածություն՝ չկա հաղորդակցությունների վերահսկողություն, որը պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Հենց այս պատճառով է, որ ոչ միայն Արցախն այդքան հեշտությամբ թողնվեց Ադրբեջանին, այլ նաև ռուսական բանակցային հարթակում բանակցային գործընթացը շատ երկար ժամանակ նպատակաուղղված սաբոտաժի էր ենթանում։

Հիշենք ընդամենը մեկ դեպք՝ մայիսի 25-ին Մոսկվայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում շատ լավ կազմակերպված «փոխհրաձգություն» եղավ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև։

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարների «փոխհրաձգությունը» նպատակ ուներ թույլ չտալ կառուցողական բանակցություններ Մոսկվայում։ Հիշեցնենք, որ գագաթնաժողովից և եռակողմ հանդիպումից առաջ ռուսական մամուլը գրում էր, որ կողմերը պայմանավորվել են երկու նոր եռակողմ հայտարարությունների շուրջ, սակայն դրանք չստորագրվեցին, իսկ եռակողմ հանդիպումը տևեց ընդամենը 20 րոպե։ Պուտինի ներկայությամբ վիճաբանության ժամանակ Փաշինյանն ու Ալիևն արդեն փաստացի ներկայացրել էին, թե ինչ են պայմանավորվել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Այն է՝ հանձնել Արցախը Ադրբեջանին և դուրս բերել ռուսական զորքերը Արցախից և Հայաստանից։

Այս ամբողջ գործընթացի վերջնական նպատակըմոսկովյան հարթակում բանակցությունների սաբոտաժը, Արցախի անատամ հանձնումն անհրաժեշտ էին, որպեսզի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը զրոյացվի, և որ ամենակարևորն է զրոյացվի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը:

Նոյեմբերի 2-ին կառավարության նիստում Փաշինյանի արած հայտարարությունը, երբ նա հայտարարեց, որ ՀՀ ԱԱԾ-ն արդեն ստեղծել է ՀՀ տարածքով անցնող տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունն ապահովող ստորաբաժանում, նոյեմբերի 9-ի փաստաթղթի զրոյացումն էր։

«Ստորաբաժանման լիազորությունները կներառեն ճանապարհների, երկաթուղիների, էլեկտրահաղորդման գծերի, գազատարների և այլ հաղորդակցությունների, այդ թվում՝ մարզային, տրանսպորտի, մարդկանց և բեռների պաշտպանությունը»,- ասաց Փաշինյանը։
Իհարկե, կգտնվեն նրանք, ովքեր կասեն, որ ավելի լավ է, որ հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնեն հայկական հատուկ ծառայությունները, այլ ոչ թե ռուսական կողմը, սակայն վերջին շաբաթների իրողությունները ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է զարգանալ այնպես, որ հաղորդակցությունները ապաշրջափակելու կարիք չի լինի։ «Խաղաղության խաչմերուկը» կարող է մնալ Փաշինյանի հերթական չիրականացված նախագիծը դառնալ:

Ինչպես ճիշտ նկատել է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը, Նախիջևանը բավականին հարմար է որպես «առևտրի խաչմերուկ», մինչդեռ Հայաստանը կմնա տրանսպորտային փակուղում՝ չորսից երկու փակ սահմաններով։

Սրան գումարվում է նաև այն փաստը, որ հոկտեմբերի 26-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Զանգեզուրի հատվածը որպես Հյուսիս-Հարավ ծրագրի մաս ներկայումս չի դիտարկվում՝ ՀՀ-ի վերջնական դիրքորոշման բացակայության պատճառով։

Հայաստանը, ինչպես նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև Իրանի տարածքով նոր հաղորդակցությունների անցկացման հեռանկարը ցույց է տալիս, որ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» կարող է վերածվել լիարժեք փակուղու։ Փակուղու, որին զոհ գնաց Արցախը…