ՌԴ-ն Հայաստանի հետ Հռոմի ստատուտի հետ կապված ոչ մի համաձայնագիր չի կնքի․ ՌԴ Դաշնային խորհրդի ներկայացուցիչ
02 Նոյեմբերի 2023, 20:50
Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի Միջազգային քրեական դատարանի կանոնադրության՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ: Այս մասին ասել է ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը՝ արձագանքելով ՀՀ իշխանությունների առաջարկին՝ կնքել համաձայնագիր, որը Հռոմի ստատուտը շրջանցելու հնարավորություն կտա։
«Կարծում եմ, որ Միջազգային քրեական դատարանի հետ կապված՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև լրացուցիչ ոչ մի համաձայնագիր էլ չի կնքվի։ Մենք ընդհանրապես չենք ճանաչում այդ կառույցը։ Ինչու՞ պետք է այդ հարցի շուրջ ինչ-որ նոր համաձայնագիր կնքենք։
Եթե մենք ցանկանում ենք շարունակել ապրել խաղաղության մեջ, բարիդրացիություն պահպանել, փոխադարձ աջակցություն ցուցաբերել, կարծում եմ, որ մեր հայ գործընկերները վաղ թե ուշ ստիպված կլինեն հետ կանչել Հռոմի ստատուտին միանալու իրենց որոշումը»,- «Соловьев Live»-ի եթերում ասել է Ջաբարովը։