Ստամբուլի Սուրբ Գևորգ Լուսավորիչ եկեղեցին
15 Նոյեմբերի 2023, 00:42
Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:
Սուրբ Գևորգ Լուսավորիչ եկեղեցին Ստամբուլի հին հայկական եկեղեցիներից է: Այն կառուցվել է 1431 թվականին։ Հին արձանագրություններում նշված է, որ 1360-ական թվականներին այս վայրում կառուցվել է մեկ այլ եկեղեցի՝ Սուրբ Սարգիսը։
Սուրբ Գևորգ եկեղեցին մեկ անգամ չէ, որ ավերվել է, իսկ 1958 թվականին՝ ճանապարհի կառուցման ժամանակ, սկզբում մասամբ, իսկ ավելի ուշ ամբողջությամբ ավերվել է։
1961-1965 թվականներին ճարտարապետ Բեդրոս Զոբյանի նախագծով եկեղեցին կրկին կառուցվել է ավերված եկեղեցու քարերից։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1966 թվականին Շնորհք Պատրիարք Գալուստյանի մասնակցությամբ։
Բեդրոս Զոբյանը ուսումնասիրել է Անի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը և ստեղծել շատ գեղեցիկ և գողտրիկ տաճար:
Այս հայկական եկեղեցին միակն է Ստամբուլում, որն ունի թմբուկ և կոնաձև գմբեթ։
Տաճարի տարածքում է գտնվում «Գետրոնագան» հայկական ճեմարանը, որը քաղաքի ամենահիներից ու փառավորներից մեկն է։ Այն հիմնադրվել է 1886 թվականին և գործում է մինչ օրս։