Ալմա-Աթայի հռչակագրի «վկաները»
14 Նոյեմբերի 2023, 23:00
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
(Հռչակագիրը չի կարող փրկել Հայաստանը Բաքվի նոր պահանջներից)
Մինչ Հայաստանը շարունակում է բոյկոտել աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում, Ադրբեջանը շարունակում է նորանոր պահանջներ առաջ քաշել, իսկ Ալմա-Աթայի «կախարդական» հռչակագիրը ՀՀ-ին չի փրկում դրանից։ Այսպես, նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ ԽՎ ղեկավար Պիա Կաումուի հետ հանդիպմանը մեղադրել էր Երևանին ադրբեջանցիների «Հայաստան վերադառնալու իրավունքը» մերժելու մեջ ու նաև հայտարարել, որ առանց հաշվի առնելու «հայկական օկուպացիայի և ագրեսիայի» հետևանքները տարածաշրջանի ապագայի հետ կապված տեսակետներ առաջ քաշելը սխալ կլինի:
Եթե մի կողմ դնենք դիվանագիտական ձևակերպումները, ապա կարող ենք ասել, որ Իլհամ Ալիևը բարձրաձայնել է նոր պայմաններ, որոնց բավարարման դեպքում Բաքուն կարող է դիտարկել տարածաշրջանում «խաղաղություն» հաստատելու հնարավորությունը, ու պետք է նշել, որ նախկինում էլ Ալիևը բազմիցս խոսել է «Ադրբեջանին Հայաստանի կողմից տարիներ շարունակ «օկուպացիայի» հետևանքով պատճառած վնասի փոխհատուցման մասին»:
Կարելի է արձանագրել, որ Ադրբեջանը լիովին օգտվեց այս հռչակագրի ընդգրկումից Հայաստանի հետ բանակցային գործընթացի կառուցվածքում ու «բոնուսով» ստացավ ողջ Արցախը, մինչդեռ ՀՀ-ն ոչ միայն Բաքվից տարածքային ամբողջականության երաշխիքներ չստացավ, այլ գործնականում ամեն օր շարունակում է բախվել Ադրբեջանի իշխանությունների կողմից ագրեսիայի նոր դրսևորումների հետ։ Ավելին, Փաշինյանը դա շատ լավ հասկանում է, դրա համար էլ, ելույթ ունենալով Փարիզում կայացած «Խաղաղության գագաթնաժողովում», նա ասաց, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։
Եվ սա այն իրավիճակում, երբ բազմաթիվ «փորձագետներ», տարբեր մակարդակների պաշտոնյաներ, ընդհուպ մինչև Ազգային ժողովի ղեկավար, հայտարարում են, որ «Ալմա Աթայի հռչակագիրը ժխտողները ժխտում են Հայաստանի պետականությունը»։ Ալմա-Աթայի հռչակագրի «վկաները» քարոզչական դաշտում այն դարձրին հայկական պետականության հիմքը, Ադրբեջանի հետ «հակամարտությունների լուծման» հիմքը։
Պարադոքսն այն է, որ 1991 թվականին ստորագրված ԱՊՀ-ի նպատակների և սկզբունքների, դրա հիմնադրույթների մասին հռչակագիրը, որին Ադրբեջանը միացել է 1993 թվականին, միավորում է 12 պետություն, այդ թվում՝ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Իզուր չէ, որ թվարկելով այն երկրները, որոնք ստորագրել են Հռչակագիրը, ներկայացված են հենց այս պետությունները։ Սրանք այն երկրներն են, որոնք հակամարտություններ ունեն ինչպես Ռուսաստանի հետ (Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա), այնպես էլ միմյանց հետ (Տաջիկստան և Ղրղզստան), սակայն հակամարտություններից ոչ մեկում Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հակամարտության կարգավորման պոտենցիալ հիմք երբեք չի հիշատակվել։
Այն չի հիշատակվում, քանի որ այս Հռչակագիրը նույնիսկ նախատեսված չէր որպես տարածքային վեճերի կարգավորման պոտենցիալ հիմք, իրավական հիմք։ Հռչակագիրը ևս մեկ անգամ հաստատում էր, որ Խորհրդային Միությունը դադարում էր գոյություն ունենալ, և նրա փոխարեն ձևավորվում էր ԱՊՆ-ն, և որ ԱՊՀ-ն ոչ պետական, ոչ էլ վերազգային միավոր է: Սա էր Հռչակագրի հիմնական ուղերձը, որը հաստատում էր Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի կողմից ստորագրված Բելովեժսկայայի համաձայնագրերը, որոնք արձանագրում էին ԽՍՀՄ գոյության դադարեցումը։ Բացի այդ, եթե Ալմա-Աթայի հռչակագիրը լիներ «երկաթբետոնե հիմք», որը ամրագրում էր սահմանների կոնֆիգուրացիան, ապա ԽՍՀՄ նախկին անդամ պետությունները չէին իրականացնի միմյանց միջև սահմանների սահմանազատում, նույն Ադրբեջանն ու Վրաստանը 30 տարի չեն կարողացել ավարտին հասցնել այս գործընթացը՝ չնայած Ալմա-Աթայի հռչակագրի առկայությանը։
Այս իրավիճակում կա մեկ այլ աշխարհաքաղաքական և պատմական պարադոքս, որը կայանում է նրանում, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ինքնին Խորհրդային Միության ժառանգությունն է, և Փաշինյանը փորձում է լեգիտիմացնել այդ ժառանգությունը՝ կապված Հայաստանի սահմանների հետ Արևմուտքում ( ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ):
Լեգիտիմացման փաստը կապված է ոչ միայն տարածաշրջանային իրողությունների հետ, այլև ավելի գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների, մեր դեպքում՝ ԽՍՀՄ փլուզման և նոր աշխարհաքաղաքական իրողության ձևավորման արտահայտություն է, որում, որպեսզի պահպանվեն ՀՀ սահմանները՝ Հայաստանը հետևողականորեն ինտեգրվել է խորհրդային անցյալի համակարգերի ինստիտուցիոնալ վերափոխումների դրսևորող կառույցներին։ Սա հնարավորություն է տվել 1991 թվականից ի վեր պահպանել այն տարածքները, որոնք Հայաստանը ժառանգել է ԽՍՀՄ-ից։
Սա աշխարհաքաղաքական, պատմական, եթե կուզեք՝ տրամաբանական պարադոքսի արտահայտություն է, որն իր մեջ կրում է Հայաստանի սահմանների լեգիտիմացման ողջ համակարգի ամբողջական փլուզման իրական վտանգ՝ անցյալում անձեռնմխելիությունն ապահովող ինստիտուտներից հրաժարվելուց հետո։
Եվ ինքը՝ Փաշինյանը, դա շատ լավ հասկանում է, այլապես Գերմանիայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը չէր ասի, որ «հայկական պետությունների գոյության շրջանն ավարտվում է պետականության կորստով»։
Իսկ եթե Փաշինյանը սա հասկանում է, ապա ինքներդ Ձեզ հարց տվեք, թե ինչո՞ւ և ո՞ւմ շահերից է նա շարունակում անել այն, ինչ անում է։